Սագա Արմեն Մովսիսյանի ու 42 կգ ոսկու մասին


05:54 , 23 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքում գրառում է արել էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու առանձնատանը կատարված խուզարկության մասին: Նախկին նախարարի տանը հայտնաբերվել է 42 կգ ոսկի, 4,8 մլն կանխիկ դոլար, բազմաթիվ փաստաթղթեր սեփականության եւ օֆշորներում գրանցված ընկերությունների մասնաբաժինների վերաբերյալ:

 Մինչ այդ ձերբակալվել էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի էներգետիկ գլխավոր «միջնորդ» Դմիտրի Ֆիրտաշը: Ֆիրտաշն արել էր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան էներգետիկ տոտալ կախվածության մեջ հայտնվի Ռուսաստանից:

 Ֆիրտաշի ձերբակալությունից հետո Հայաստանում հնչել է հռետորական հարց՝ իսկ ով է հայկական Ֆիրտաշը: Ով է Հայաստանում համարվում ռուսական գազային ընկերության պրովայդերը եւ ով է երկիրը հասցրել խայտառակ պայմանագրի ստորագրմանը, որի պատճառով մենք դեռ երկար ենք տուժելու:

 Հետաքրքիր է՝ որքան ոսկի ու կանխիկ փող կգտնեն Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի տանը, եթե երկրում փոխվի իշխանությունը, եւ հայկական «ավակովը» խուզարկություն անի նրա տանը:

 Արմեն Մովսիսյանը, ով երկու տարի մեկ կույր էր ձեւանում, մեկ խուլ, հաճախ կորցնում էր հիշողությունը, «տեղը չբերելով» գազի գները, ներկայում վայելում է Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարության աջակցությունը: Սակայն մոտենում է պահը, երբ նա, ինչպես նաեւ շատերը ստիպված են լինելու թողնել «ազնիվ աշխատանքով վաստակածը» եւ թաքնվել մերձմոսկովյան Բարվիխայում: Այլ ճանապարհ չկա՝ Ֆիրտաշին ձերբակալեցին «անվտանգ» Ավստրիայում:

 ՀՀԿ-ն ստեղծել է գազի հարցով հանձնաժողով, այն բանի համար, որ «փակի» գազի մասին բոլոր հարցերը: Սակայն Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս, որ դրանք տեղի են ունենում մեծ դինամիկայով, եւ ոչ ոք չգիտե, թե ինչ կլինի վաղը:

 Ռուսաստանն ու Ուկրաինան միջազգային դատարանում քննարկելու են «ֆիրտաշների» շնորհիվ կնքված պայմանագիրը: Ռուսաստանն Ուկրաինայից տուգանքներ է պահանջում, եթե Խարկովի համաձայնագիրը վերանայվի: Իսկ այն վերանայվելու է:

 Ըստ ամենայնի, նույնը սպասվում է Հայաստանին, որը համաձայնվել է մինչեւ 2043 թ. դեմ չգնալ Գազպրոմի շահերին: Թող օլիգարխները պատրաստեն այն, ինչ կուտակել են՝ որպեսզի դրանցով վճարվեն տուգանքները, պայմանագիրը վերանայելու դեպքում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ