03:17 , 23 մարտ, 2014
Hraparak.am-ը գրում է.
«ՌԴ նախագահը հայտնվել է մի վիճակում, որում բռնապետերն անգամ չեն հայտնվում»,- ասում է Ուկրաինայի ԱԳՆ-ն: «Եղել են եւ կան բռնապետեր, որոնք հիմարեցնում կամ անտեսում են սեփական ժողովրդին, բայց դեռ ոչ ոք այնտեղ չէր հասել, որ կարծեր, թե կարող է հիմարեցնել եւ անտեսել ողջ աշխարհին»:
Նման փորձին, իհարկե, պետք է հետեւեին պատիժներ: Երեկ ԱՄՆ-ն պատժամիջոցներ հաստատեց ՌԴ նախագահի «ներքին շրջանակի»” ֆիգուրների նկատմամբ: Սրանք կառավարության անդամներ են, Պետդումայի սենատորներ կամ պատգամավորներ, բայց, ամենաէականը` բիզնես-ֆիգուրներ, որոնցից հատկապես մեկին` Յուրի Կովալչուկ անուն-ազգանվամբ, ԱՄՆ իշխանությունները համարում են «Պուտինի շրջապատի, ներառյալ անձամբ նախագահ Պուտինի անձնական բանկիրը»: Այս որակումը տվել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Պատժվողների ցուցակում են նաեւ նախագահ Պուտինի օգնականը` Անդրեյ Ֆուրսենկո, ով իր հետ աշխատում է 1993-ից, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ռուսական երկաթուղիների ղեկավարը, Ռոտենբերգ ազգանվամբ եղբայրներ, որոնք Սոչիի օլիմպիական խաղերին առնչվող մի պայմանագրով վերջերս յոթ միլիարդ դոլար են ստացել, եւ այլն: Հիշյալ 20 անձանց համար այսուհետ անհնար է դառնում ոչ միայն ԱՄՆ մուտք գործելը (առանց ինչի, իհարկե, նրանք կարող են ապրել), այլեւ արգելանք է դրվում նրանց ունեցվածքի եւ ակտիվների վրա ԱՄՆ-ում (ինչը, անշուշտ, ուժգին հարված է), սակայն ամենակարեւորը` այս անձանց արգելվում է որեւէ համագործակցություն ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների հետ: Հաշվի առնելով, որ համաշխարհային ֆինանսական ինստիտուտներն զգալիորեն ԱՄՆ դոլարի վրա հենվող համակարգ են, դա գործնականում նշանակում է ՌԴ սահմաններից դուրս տնտեսական գործունեության անհնարինություն (ինչին դիմանալն արդեն շատ բարդ է):
Իմիջիայլոց, Պուտինի անձնական բանկիրի տիտղոսին եւ պատժամիջոցներին արժանացած Յուրի Կովալչուկը նաեւ «Ռոսիա» կոչվող բանկի ղեկավարն է: Բանկն էլ է հայտնվել պատժվող թիրախների թվում, ինչի արդյունքում երեկ հազարավոր ՌԴ քաղաքացիներ Visa, Master քարտերով չէին կարողանում վճարումներ կամ գումարի կանխիկացում կատարել:
Ռուսական բիզնես էլիտան զգացել է, որ Արեւմուտքի հետ հակամարտությունը խորանում է, եւ չկա երաշխիք, որ վաղը Կովալչուկի կամ «Ռոսիա» բանկի օրինակով իրենք էլ չեն հայտնվի կոտրած տաշտակի առջեւ: Դա նշանակում է վաղվա օրվա հանդեպ անորոշություն եւ անվստահություն, ինչը վատագույնն է բիզնեսի համար: Եվ այդ վատագույնը սպառնում է դառնալ պերմանենտ վիճակ: Երեկ, ի դեպ, ԵՄ-ն էլ իր հերթին ընդլայնեց ՌԴ քաղաքացիների ցուցակը, որոնց դեմ նաեւ ԵՄ-ն է մուտքի արգելք եւ ունեցվածքի ու ակտիվների արգելանք դնում: Պետդումայի երկու պալատների խոսնակներն էլ այս ցուցակում են հայտնվել:
ԱՄՆ-ն, սակայն, հաջորդ քայլն էլ է կատարել: Նախագահ Օբաման կարգադրություն է ստորագրել, որով թույլատրվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության ամբողջական ոլորտների հանդեպ: Պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության նկատմամբ այսպիսով նախապատրաստվում են թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում: Երեկ ավարտված ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը հեռահար տնտեսական պատժամիջոցները չդրեց գործողության մեջ, սակայն հրահանգեց սկսել դրանց նախապատրաստումը: Բոլորն էլ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը համաշխարհային տնտեսության վրա է անդրադարձ ունենալու, եւ որոշ ժամանակ է հարկավոր դրանք նախապատրաստելու համար: Նախապատրաստություններն այժմ սկսված են՝ իհարկե, դուռը բաց թողնելով եւ չբացառելով, որ ՌԴ իշխանությունները կարող են գիտակցության գալ եւ Ուկրաինայի հետ հարաբերությունները կարգավորել:
Իսկ Ուկրաինան երեկ ոչ միայն տոնեց Մայդանի երկրորդ հաղթանակը` ստորագրելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի Նախաբանը, Առաջին, Երկրորդ, Երրորդ եւ Յոթերորդ գլուխները, այլեւ վարչապետ Արսենի Յացենյուկը Բրյուսելում հայտարարեց, որ դա Ուկրաինայի առաջին քայլն է դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն:
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ