01:03 , 23 մարտ, 2014Այն, որ եվրոպական բուքմեյքերները Եվրատեսիլ 2014-ին հաղթելու ամենամեծ հավանականությունը տալիս են Հայաստանը ներկայացնող Արամ mp3-ին, արդեն փաստ է: Գիտենք նաև, որ Արամի եվրատեսիլյան երգի youtube-յան դիտումներն այսօր անցել են մեկ միլիոնը: Սրանք իհարկե ուրախալի ցուցանիշներ են, բայց առավել ոգևորիչ է այն, որ Արամ mp3-ի երգի դիտումները ոչ միայն միլիոնից անց են, այլ նաև այդ նույն դիտումների առումով մենք բացարձակ առաջատար ենք:
Դիտումների քանակով մեզ հաջորդում է Մոնտենեգրոյի երգը: Մոտ 500 հազար ձայնով այն զբաղեցնում է երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Դե իհարկե Ավստրիան ներկայացնող Կոնչիտան չէր կարող անմասն մնալ լավագույն եռյակից: Այս երգչ(ուհու) միայն արտաքինը բավական է դիտումներ ապահովելու համար: Դժվար է ասել ̀ հավանել են նրա կատարումը, թե ոչ, բայց այն youtube-ում այս պահին ունի ավելի քան 400 հազար դիտում:
Այս երեք երգերը youtube-ում ամենաշատ դիտումներ ունեցողներն են:
Սակայն եվրոպական բուքմեյքերներն առանձնացնում են հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող լավագույն տասնյակը ̀ Հայաստան, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Ուկրաինա, Ադրբեջան, Հունգարիա, Ռումինիա, Հունաստան և Միացյալ Թագավորություն: Youtube-յան դիտումները և բուքմեյթերների կարծիքները համընկնում են միայն Հայաստանի ներկայացուցչի դեպքում: Այս ցանկից նշենք, որ համեմատաբար շատ դիտումներ ունի Միացյալ թագավորությունը ներկայացնող մասնակցի երգը ̀ մոտ 338 հազար դիտում: Նրան հաջորդում է մեր հարևանը ̀ Ադրբեջանը իր 260 հազար դիտումներով: Ուկրաինան և Շվեդիան, որոնք նույնպես լավագույն տասնյակում են, ունեն համապատասխանաբար 106 և 120 հազարական դիտումներ: Լավագույն տասնյակի մյուս ներկայացուցիչների դիտումները չեն անցնում 70 հազարը:
Դե ինչ, քանի դեռ չի կայացել 2014 թվականի ամենասպասելի երգի մրցույթը, մեզ մնում է հուսալ, որ բուքմեյքերներն ու երգերի youtube-յան դիտումները կարդարացնեն բոլորիս սպասելիքները: