16:39 , 22 մարտ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Հաագան մարտի 23-ին և 25-ին համաշխարհային իրադարձությունների կիզակետում կհայտնվի: Այնտեղ անցկացվելու է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` միջուկային էներգիա ու զենք ունեցող երկրների ղեկավարների հետ: Միջուկային զենքի չտարածման, միջուկային անվտանգության խնդիրներով առաջին հանդիպումը 2009 թվականին նախաձեռնել էր Բարաք Օբաման: Հաջորդ հանդիպումը Սեուլում էր` 2012-ին: Երկու գագաթնաժողովներին էլ Հայաստանը ներկայացավ հավուր պատշաճի եւ ստանձնած պարտավորությունները կատարած:
Հաագայում կայանալիք հավաքի նպատակն է` միջազգային բոլոր կառույցների եւ պետությունների աջակցությամբ կանխել միջուկային տեռորիզմն աշխարհում: Այս անգամ կքննարկվեն միջուկային նյութերի նվազեցումն ու եղած միջուկային նյութի որակի բարելավման եւ դրա օգտագործման կարգավորման անվտանգության հարցերը: Գագաթնաժողովին չի քննարկվելու միջուկային զինաթափման որևէ հարց` միայն անվտանգության մասին են խոսելու:
Նախատեսվում է, որ աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ավելի վաղ Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հաագայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մարտի 19-ին իր միկրոբլոգում գրել էր, որ նախատեսվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Նախագահների հանդիպման մասին համանախագահի հայտարարությունը կողմերը ոչ հերքել են, ոչ հաստատել:
Հաագայի գագաթնաժողովը խոստանում է բախտորոշ լինել մեծ ութնյակի հարցով: Նախատեսվում էր, որ միջազգային ակումբի 40-րդ գագաթնաժողովը պետք է լիներ ամռանը` Սոչիում, բայց Ղրիմի խնդիրը խառնեց բոլոր խաղաքարտերը: Միացյալ նահանգներն արդեն հայտարարել է, որ Հաագայում կհանդիպեն մեծ ութնյակի բոլոր երկրներն ու կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու այդ երկրին աջակցելու քայլերը: Գագաթնաժողովին չի հրավիրվել Ռուսաստանը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ