14:50 , 22 մարտ, 2014
Վերջին բժիշկը սահմանը հատեց ամիս առաջ: Կապեց ունեցածը և ոտքով հատեց հյուսիսային սահմանը. ինչ աներ, աշխատավարձը չէր ներում նույնիսկ ինքնաթիռի տոմս առնել, իսկ տունը ոչ ոք չէր ուզում գնել՝ բժշկի տուն առնելն ամոթ էր…
Ամեն ինչ սկսվեց շատ արագ:
Վիրաբույժը հայտնի էր քաղաքում, փրկել էր բազմաթիվ կյանքեր… Երկարամյա աշխատանքի արդյունքում կարողացել էր հավաքել որոշակի գումար և որոշեց գնել նոր մեքենա…
Հարևանը պորտաբույծ էր: Ամբողջ կյանքը չէր աշխատել և ապրել էր ընտանիքի հաշվին: Առավոտից երեկո քորում էր փորը և բողոքում… Տարիներ առաջ վիրաբույժը փրկեց նրա կյանքը, երբ խոցն «իրենն արել էր», բայց, ինչպես ասում են, ժամանակը անցնում է… Վիրաբույժի նոր մեքենան փոթորկեց նրա հոգին… Այս նեղ դարում, երբ ես հազիվ եմ ապրում, նա մեքենա է առնում… Անարդարություն… Կանգնեցնում լուսամուտիս տակ ու էրեխեքիս արևն է փակում... Սրիկայություն… Բա դա մա՞րդ է…
Հարևանը գոռում էր, իսկ վիրաբույժը լուռ էր… Մտածում էր մնացած հարևաններից որևէ մեկը կկանգնի իր կողքին. չէ որ ինքը միշտ բոլորի կողքին էր եղել…
Բժշկի գլխից արյուն էր գալիս… Բայց վերքը չէր ցավում, ցավն այլ տեղ էր…
Այժմ վիրաբույժն աշխատում է աշխարհի լավագույն կլինիկաներից մեկում, իսկ հարևանը շարունակում է քորել փորը, իսկ մյուսները՝ քորել գլուխները…
- Աղջի Քնքուշ, էս քանի օրա կանացիս ցավումա, ի՞նչ անեմ:
- Լսի մեր հարևանինն էլ էր ցավում, քյալամ դրեց, քաշեց ցավը… փորձի, կօգնի հաստատ…
«Քյալամը», իհարկե, քաշեց… Երկու օր անց Քնքուշը մահացավ ներքին արյունահոսությունից…