14:22 , 22 մարտ, 20141in.am-ը գրում է.
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կարող է խթանել ստվերայնությունը, քանի որ աշխատողներն իրենք կարող են խնդրել գործատուին՝ չգրանցել իրենց: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ինչպես ցանկացած բերեփոխում, պարտադիր կուտակայինի բարեփոխումները ևս կառավարության կողմից պաշտպանվում են, մինչդեռ քաղաքացիների դժգոհությունները դրանցից շատ մեծ են, առկա է անվստահության մթնոլորտ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս նորամուծությունը վնասում է ոչ միայն աշխատողին, այլ նաև գործատուին:
«Կենսաթոշակային ֆոնդերին համապատասխան փոխանցումներ չկատարելու դեպքում գործատուի հանդեպ կիրառվում են գրեթե նույն տույժերը, ինչ որ հարկեր չվճարելու դեպքում: Բայց չէ՞ որ գործատուն պարտավոր չէ ինքը փոխանցման գործառույթ իրականացնել: Աշխատողն ինքը աշխատավարձ ստանալուց հետո պետք է վճարումներ կատարի: Իսկ կառավարությունը լավ գիտի, որ այդքան քաղաքացու հետ անկարող է գործ ունենալ, և ավելի հեշտ է այդ բեռը դնել գործատուի վրա: Սա բացարձակապես սխալ մոտեցում է»,- ասաց Մակարյանը:
Նրա խոսքով՝ մյուս սխալ մոտեցումը մարդու կենսաթոշակային կուտակումների՝ 30-40 տարվա կտրվածքով հաշվարկներն են: «Ֆորսմաժորային իրավիճակներից ոչ ոք ապահովագրված չէ: Ֆինանսական միջոցների հաշվարկները անթույլատրելի է կատարել անգամ մոտակա տարիների համար, ուր մնաց 30-40 տարվա: Կառավարությունը, մի կողմ դնելով նեղ անձնական շահերը, պետք է դադարի կախվել փրփուրներից՝ փորձելով տնտեսական վիճակի շտկման նպատակով կուտակայինի միջոցներն ուղղել այդ նպատակին: Հակառակը՝ նույն կառավարությունը պետք է զարկ տա աշխատատեղերի ստեղծմանը, արդյունաբերության զարգացմանը, փոքր և միջին բիզնեսները հարկերից ազատելուն»,- նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը:
Անդրադառնալով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին՝ Գագիկ Մակարյանը նկատեց, որ ճնշումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ռուս ժողովուրդը չի ըմբոստացել կամ էլ ռուսաստանյան տնտեսությունը չի քայքայվել: «Այս ամենի ֆոնին տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման գործոն կարող է դառնալ Իրանը: Այլընտրանքային գործոն կարող է դիտարկվել նաև Ղազախստանը»,- ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը: