11:22 , 22 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի տնտեսությունում ստեղծված ճգնաժամը, Ռուսաստանի տնտեսության անկումը, ռուսական ռուբլու արժեզրկումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ:
- Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակը կտրուկ փոխեց աշխարհում տեղի ունեցող զարգացումները և այլևս ակնհայտ է, որ աշխարհը նոր սառը պատերազմի փուլ է թևակոխել: Ըստ Ձեզ, Ռուսաստանի տնտեսությունն ի վիճակի է դիմակայել:
- Բոլոր խնդիրներն էլ լուծումներ ունեն, պարզապես կողմերից մեկն այդ իրավիճակից շահում է, մյուսն էլ կորուստներ կրում: Եթե այս պահի դրությամբ վերլուծություն անենք, ապա Ռուսաստանն ունեցել է մեծագույն կորուստներ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: Քաղաքական տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ համաշխարհային հանրությունն ուղղակի Ռուսաստանին դուրս է հանում G8 երկրների ցանկից, ամենուրեք քաղաքական մեկուսացման կոչեր են արվում: Խնդիրը շատ բարդ է, սակայն, ըստ իս, մեկ բան ակնհայտ է` Ռուսաստանն անում է այն, ինչ չի կարելի անել: Նա մի խումբ երկրների հետ միասին երաշխավոր է հանդիսացել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինչ-որ իրավիճակում առանց կողմերի հետ համաձայնեցնելու, անգամ դիրքորոշումը զննելու վճիռներ է կայացրել: Իսկ սա միջազգային հանրությունը չի ներելու:
Հիմա խնդիրն այն է, թե այդ վիճակն ինչքան է խորանալու: Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը նահանջելու է և խելամտության ճանապարհով է գնալու, քանի որ կորուստները լինելու են շատ մեծ: Օրինակ, եթե տնտեսական կորուստներին ենք անդրադառնում, ապա այս պահին դրանք արդեն իսկ մեծ են: Այսպես, Ռուսաստանի ֆոնդային շուկան տարեսկզբից մինչև oրս 10 տոկոսից ավելի անկում է ապրել, էապես արժեզրկվել է ռուսական ռուբլին: Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքին, ապա ռուս մասնագետների գնահատմամբ` առաջին եռամսյակում այն նվազագույնը կկազմի 50 մլրդ դոլար: Եթե այդ տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ավելի քան 200 մլրդ դոլար Ռուսաստանից դուրս կգա: Իսկ այս երևույթը ոչ միայն արտացոլվելու է Ռուսաստանի ֆոնդային շուկայում, այլև տնտեսության տարբեր ոլորտներում: Այսինքն` տնտեսական անկման վտանգը շատ մեծ է:
- Ռուսաստանի տնտեսությունում ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում:
- Եթե Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն, ապա հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը էներգակիրներ վաճառող երկիր է, ապա այս մասով նույնիսկ 1 տոկոս ծավալների նվազեցումը հարվածելու է Ռուսաստանի բյուջեին և տնտեսությանը, քանի որ Ռուսաստանի բյուջեի զգալի մասը համալրվում է էներգակիրների վաճառքի հաշվին:
Բացի այդ, Ռուսաստանն այսօր բազմաթիվ թելերով կապված է աշխարհի հետ, տարբեր երկրների ընկերություններ ներդրումներ են իրականացնում, պարզ է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պառճառով ներդրումներ չեն իրականացվի, այսինքն` սպասվող ներդրումների պակասի և առկա ներդրումների նվազման պարագայում ևս տնտեսությունը կորուստներ կկրի:
Այդուհանդերձ, դեռ վաղ է խոսել թվերի մասին: Ի վերջո աշխարհն էլ Ռուսաստանի հետ է կապված. եթե Խորհրդային միության ժամանակ ներկրումը արտերկրից կազմում էր ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսը, ապա այսօր` 20 տոկոսը: Բացի այդ, Ռուսաստանից արտահանումը կազմում է 25 տոկոս` նախկին 5 տոկոսի փոխարեն: Փաստորեն, սա փոխադարձ ազդեցություն է ունենալու նաև առանձին երկրների, մասնավորապես, եվրոպական երկրների տնտեսությունների վրա: Այսինքն` տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց աշխարհը հավանաբար զգուշավորություն կցուցաբերի:
Ամեն դեպքում, նաև հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության զարգացման արդի միտումները, տնտեսության մեջ ձևավորված ստագնացիոն երևույթները, բավականին ցածր տնտեսական աճը, Ռուսաստանի տնտեսությունն այս տարվա արդյունքներով անկում կապրի, իսկ թե ինչ ծավալների, դա կախված կլինի նաև այն տնտեսական պատժամիջոցներից, որ կկիրառվեն Ռուսաստանի դեմ: Եթե դրանք վերաբերեն էներգակիրներին, ապա անկումը կլինի երկնիշ թվով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ