06:56 , 22 մարտ, 2014Ռուսներին կարելի է հասկանալ, եւ հնարավոր է ավելի շատ, քան նրանք ընդունակ են հասկանալ իրենց նախկին հայրենակիցներին: Այսպես թե այնպես, դա ոչ միայն ծիծաղելի է, այլեւ՝ ոչ համարժեք, եւ ռուս գործիչներից շատերը ուշադրություն են դարձնում դրան:
Երբ խոսքը միայն ոճի մասին է, այդ նմանակումը ծիծաղելի է: Սակայն, երբ այն վերաբերում է քաղաքականությանը, այդ ոճն ավարտվում է տապալումներով ու հիասթափություններով:
Ռուսները ձեռնամուխ են եղել սեփական գաղափարների, մտքերի ու շահերի տարածմանը, վարձելով բազմաթիվ անգաժավորված փորձագետների, լրագրողների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, մշակույթի եւ եկեղեցական գործիչների, քարոզչական ցանց ստեղծելու նպատակով: Արտասահմանյան այդ անգաժամենտի շատ քիչ մասնակիցներ են սեփական երկրներում հասել նկատելի դիրքերի, եւ նրանք, ովքեր համարվում են իսթեբլիշմենտի մասնակիցներ, 3 կամ 4-ն են՝ քաղաքագետներ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում:
Այդպիսի անգաժավորված քարոզիչներ են դարձել լիովին տարբեր հայացքների ու գաղափարախոսական համոզմունքների տեր քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, ծայրահեղ ձախերից մինչեւ նեոնացիստներ: Սակայն «պրոռուսական» հեղինակների ու գործիչների ճնշող մեծամասնությունն իրենց երկրներում այնքան էլ հայտնի չեն եւ որեւէ դեր չունեն քաղաքական բանավեճերում:
Ղրիմի հանրաքվեի դիտարկումը ցույց տվեց, որ ներգրավված պրո-ռուսական քարոզիչները, ինչպես ընդունված է մոսկովյան նիհիլիստական տրամադրված մտավորականության շրջանում, «շուշերա» են (մոտավորապես՝ թափթփուկներ): Սակայն, ինչպես ասում էր Իոսիֆ Ստալինը՝ «ներիր, ուրիշ գրողներ չունեմ»:
Մոսկվայի համար հավաքագրումներ անող երիտասարդ ֆունկցիոների խոստովանությամբ, «հավաքագրման խնդիր սկզբունքորեն չկա, խնդիրը նույնիսկ այն չէ, թե ինչքան են ուզում, այլ այն, թե որքան են տալիս»: Եվրոպայում կուտակվել է այնպիսի քանակություն, որոնք սպասում են գնորդներին, որ առաջանում է «մրցույթի» խնդիր, թե ով ում դուրս կմղի «սնափառության տոնավաճառում»:
ԱՄՆ-ում ավելի բարդ է: Նախ, ԱՄՆ-ում կան հզոր ֆիլտրեր, եւ աշխատավարձն էլ ավելի բարձր է, ինչպես նաեւ կան ավելի լայն հեռանկարներ, այսինքն՝ ԱՄՆ-ն «ահռելի հնարավորությունների» երկիր է, իսկ Եվրոպան՝ «ահռելի առաջարկի եւ ոչ մեծ պահանջարկի»: Սակայն գտան ինչ որ մեկին Վաշինգտոնում, թեեւ մինչ այժմ պարզ չէ, թե ով ում է հավաքագրել Վաշինգտոնում...
Հավաքագրման տրամաբանությունն ու մեխանիզմը հետեւյալն է. Ընտրվում է մարդ, ով պատրաստ է հավաքագրվելու, եւ մշակվում է նրա «կենսական միջավայրը», այսինքն՝ աշխատելու է վերլուծական հաստատությունում, թե ԶԼՄ-ներում, թե նրա համար ստեղծվելու է ցուցանակ-հիմնարկ:
Իհարկե, առավել արժեքավորն այն մարդն է, ով պահպանում է որոշակի դիրքեր պատկառելի ու ազդեցիկ հաստատություններում՝ ինստիտուտներում, ուղեղային կենտրոններում կամ կոնսալտինգներում: Նա իր հերթին պայմանավորվում է իր ղեկավարության հետ, որ մտադիր է աշխատել ռուսների համար, եւ այդպիսով աշխատում տվյալ հաստատության հեղինակությունը եւ ազդեցությունը Ռուսաստանում ուժեղացնելու վրա: Այս ամենը տեղի է ունենում լեգալ եւ լոյալ՝ կորպորատիվ եւ կառավարական հաստատությունների հանդեպ:
ԱՄՆ կարեւոր ուղեղային կենտրոններում 8 փորձագետ կա, ովքեր համաձայնեցված աշխատում են Ռուսաստանի շահերի ուղղությամբ, Եվրոպայում նմանները տասնապատիկ շատ են: Ընդ որում, որպես կանոն, օգտագործվում են որոշակի էթնիկ ծագման մարդիկ՝ ռուսներ, հույներ, հրեաներ, բալկանյան երկրների որոշ ներկայացուցիչներ: Ինչ վերաբերվում է ԶԼՄ ֆունկցիոներներին, այս ոլորտում դրանք 1000-ից ավելի են:
Ի դեպ, նույն սկզբունքով եւ նույն սխեմայով աշխատում է Թուրքիան: Սակայն, ի տարբերություն թուրքերի, ովքեր միշտ հիշում են ասացվածքը՝ «թուրքերը բարեկամներ չունեն», ռուսները փորձում են այդ նույն փողով գտնել քարոզիչներ, որոնք միեւնույն ժամանակ կսիրեն եւ կաշխատեն գաղափարական հողի վրա: Հասկանալի է, որ նման հավակնություններով չարժե խցկվել լուրջ շրջանակներ, դա ակնհայտորեն չի համապատասխանում ամերիկյան ոճին: Սակայն ռուսները դեռ շարունակում են պահել անցյալ տասնամյակների եւ Եվրոպայում ու Լատինական Ամերիկայում ձախ շարժումների հանդեպ կարոտախտը:
Այս ամենը հետաքրքիր չէր լինի, եթե չլիներ մի հանգամանք՝ Ռուսաստանի այս ցանցային կառույցը, որն աշխատում է Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում, ավելի ու ավելի է աշխատում հայկական ազգային շահերի դեմ:
Այսպիսով, ռուսական ու թուրքական ցանցային կառույցները միջազգային մասշտաբով հատվում են: Այսինքն՝ որքան ասես բարեկամներ կան… Այս հետաքրքիր թեման ճշտելու կարիք ունի:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ