Մարտական խնդիր կատարելիս հրազենային վիրավորում ստացած սպաՎարազդատ Զաքարյանի վիրահատությունն անցել է բարեհաջող, փամփուշտը հեռացվել է, ինքնազգացողությունն արդեն նորմալ է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպայի հայրը, ով Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի գյուղապետն է` Գուրգեն Զաքարյանը:
Գյուղապետի խոսքով՝ որդին ստացել է երեք հրազենային վիրավորում՝ երկուսը աջ ոտքին, ևս մեկը՝ ձախ ոտքին: Երեկ աջ ոտքից հեռացվել է փամփուշտը, իսկ այսօր սպան տեղափոխվել է հիվանդասենյակ:
«Աստված կտա շուտ կապաքինվի»,- ասաց սպայի հայրը:
Հարցին, թե ի՞նչ է պատմում որդին, ինչպե՞ս է եղել դեպքը, գյուղապետը նշեց, որ «գիշեր է եղել և ինքը ինչ իմանա՝ հրազենային կրակոցը ո՞ր ուղղությունից և ո՞վ է կրակել»:
Գյուղապետը հույս հայտնեց, որ այդ հարցերի պատասխանը կպարզի հետաքննությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ԼՂՀ Մարտակերտի դիրքերում մարտական խնդիր կատարելիս զոհվել է զինծառայող Արման Ղուկասյանը, իսկ սպա Վարազդատ Զաքարյանն ստացել է հրազենային վիրավորում: