01:32 , 22 մարտ, 2014
Երիտասարդ լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել ոչ վաղ անցյալում, սակայն նրա նուրբ աչքը, գեղեցիկը նկատելու, ներկայացնելու բացառիկ տաղանդը չեն կարող դիտողին անտարբեր թողնել իր լուսանկարների հանդեպ: Էդգարը ծնվել է 1981 թվականին, Մարտունիի շրջանի Վարդենիկ գյուղում, բնակվում է Բյուրեղավանում, լուսանկարչությամբ սկսել է զբաղվել քսանվեց տարեկանից, ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանը, ծառայել է բանակում, ամուսնացած է և իր կյանքի հիմնական գործը համարում է լուսանկարչությունը:
-Պատմեք խնդրեմ, ե՞րբ և ի՞նչպես սկսեցիք Ձեր լուսանկարչական գործունեությունը:
-Լուսանկարչության հանդեպ հետաքրքրություն դրսևորել եմ դեռ վաղ մանկությունից, լուսանկարել սկսել եմ հինգ տարեկանից, չնայած այն ժամանակ դա ինձ համար խաղ էր, լուսանկարում էի այն ամենն, ինչն ինձ դուր էր գալիս, այդպես մինչև տաս տարեկանս, այնուհետև սկսվեցին դժվար ժամանակներ և այլևս չէի նկարում: Լուսանկարչությամբ լրջորեն սկսեցի զբաղվել արդեն քսանվեց տարեկանում, երբ գիտակցեցի, որ դա այն է, ինչ ես ուզում եմ:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին ֆոտոապարատը, պահու՞մ եք:
-1986թ էր, երբ մայրս նվիրեց lomo ֆոտոխցիկը, այն ժամանակ ինձ համար դա օրիգինալ խաղալիք էր, ուրախությանս չափ ու սահման չկար, ես անմիջապես գործի անցա.....նախ պետք է սովորեի, թէ ինչպես փաթաթել ֆոտոժապավենը մութ միջավայրում.......չեմ հիշում, թե քանի ֆոտոժապավեն փչացրեցի, որ ստացվեց, ապա սկսեցի նկարել... նկարում էի ընկերներիս, բարեկամներիս...մի խոսքով՝ ինչ աչքս տեսնում էր...
Բայց, ինչպես ասում են, դա աշխատանքի շատ փոքր մասն էր...նկարելուց հետո պետք է սովորեի, թե ինչպես "проявка" անել, որը նունպես կատարվում էր մութ սենյակում և շատ դժվար էր, իսկ ֆոտոխցիկս մինչև հիմա պահում եմ:
-Իսկ հետագայում, արդեն հասուն տարիքում Ինչու՞ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը, ի՞նչը գրավեց? կամ Ի՞նչ է տալիս Ձեզ լուսանկարչի աշխատանքը, որն այլ աշխատանքում չեք կարողանեում գտնել?
-Ինձ համար լուսնկարչությունը գեղեցիկը բացահայտելու արվեստ է:
Լուսանկարչության միջոցով հնարավոր է աշխարհը ներկայացնել քո աչքերով:
Ցանկացած լուսանկար մի հոգեվիճակ է, ամեն նկարի մեջ ներ ես դնում քո մի մասնիկը:
Լուսանկարչությունն ունի մի հրաշալի առանձնահատկություն ևս, լուսանկարիչը միշտ փնտրտուքների մեջ է:
Ես փորձում եմ ցույց տալ մարդկանց այն ամենն ինչն իրենք չեն տեսնում, բայց այն տեսարժան է: Չգիտեմ՝ որքանով է դա ինձ հաջողվում, դա, թերևս, ասեն այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են իմ լուսանկարներով:
Նաև, երբ ստանում եմ այն արդյունքը, որի համար օրերով, երբեմն ամիսներով, մեկ լուսանկար ստանալու համար չարչարվել եմ, մի յուրահատուկ զգացողություն է, որի անունը չգիտեմ, թե ինչ դնեմ:
-Ի՞նչ եք կարծում լավ լուսանկարիչ դառնալու համար պետք է ի վերուստ տրված տաղանդ ունենալ, թե՞ յուրաքանչյուրը կարող է, կրթությու՞ն, թե՞ տաղանդ:
-Չգիտեմ՝ ինձ ի վերուստ շնորհված է լուսանկարիչ լինել, թե ոչ, բայց կարծում եմ՝ պետք է սիրել այս մասնագիտությունը, միայն այդ դեպքում կպայքարես լավագույնը դառնալու համար, այս բնագավառում ես չունեմ կրթություն և այն ինչի հասել եմ իմ փորձարկումների և աշխատասիրության արդյունքն է, չնայած գալիս է պահ, որ զգում ես, որ տվյալ բնագավառում ևս կրթությունն անհրաժեշտ է, նպատակ ունեմ լրացնել այդ բացն առաջիկայում: Ինչ վերաբերվում է նրան, թե յուրաքանչյուրը կարո՞ղ է, կարծում եմ այս բնագավառում հաջողության հասնելու համար պետք է ունենալ լավ աչք, գեղեցիկը տեսնելու շնորհք, մնացածը կարելի է սովորել ժամաակի ընթացքում:
-Կիսվեք մեզ հետ, ի՞նչ եք անում լավ լուսանկար ստանալու համար, ինչի՞ց են ծնվում մտքերը:
-Լավ լուսանկար ստանալու համար պետք է որսալ ճիշտ պահը, մտքերը ծնվում են ամեն վայրկյան, ինձ մոտ մտքերը հանկարծակի են ծնվում: Օրինակ, երբ նստած սուրճ եմ խմում և որոշում եմ ինչ-որ բան նկարել, կայծակնային վերցնում եմ ֆոտոխցիկս ու դուրս եմ գալիս, ընտանիքիս անդամներն արդեն սովորել են այդ տարօրինակությանս, բայց շատերին թվում է, թե խնդիրներ ունես, երբ տեսնում են ֆոտոխցիկը ձեռքիդ վազում ես դուրս և լուսանկարում իրենց կարծիքով անիմաստ բաներ:
-Հետաքրքիր է, որևէ արկածային կամ հումորային դեպք կհիշեք այդ առումով?
-Հետաքրքիր դեպքեր շատ են պատահում, մեկը պատմեմ կարճ, այս նկարը նկարելիս շատ ցուրտ էր այգում, ձյուն էր գալիս, մատներս սառել էին, բայց նկարում էի ու ինձ տեսնելով մոտեցան մի խումբ տղաներ ու հարցրեցին. <<Ապեր, ինչքանո՞վ ես նկարում>>, երբ փորձեցի բացատրել, որ ինձ համար եմ նկարում, ապշեցին, շատերի համար է դա զարմանալի:
-Հասկացանք, թե ինչպես են գալիս մուսաները, իսկ մոդելներին ի՞նչ սկզբունքով եք ընտրում, հե՞շտ եք լեզու գտնում նրանց հետ:
-Այո, սովորաբար, հեշտ եմ լեզու գտնում, իրականում ես սիրում եմ մարդկանց նկարել պատահական, այդ դեպքում նրանց էությունն ավելի լավ է ընդգծվում, իսկ, երբ գիտեն, որ իրենց լուսանկարում ես արհեստականը մի տեսակ շատանում է, այդ սկզբունքը հաճախ օգտագործում եմ նաև ֆոտոսեսիաների ժամանակ:
- Բացի արտաքին համապատասխան տվյալները ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա անձը որ ցանկանաք նկարել նրան:
-Ինչ որ յուրահատկություն պետք է տեսնեմ մարդու մեջ, որ ցանկանամ լուսանկարել նրան, դա զգացողություն է, որ բառերով չեմ կարող բացատրել:
-Ո՞րն եք համարում այս ոլորտում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Այս ոլորտում ես մեծ ձեռքբերումներ դեռ չունեմ, իհարկե, մասնակցել եմ մի քանի մրցույթների, սակայն ունեմ ավելի մեծ պլաններ առաջիկայում, երբ դրանք իրականանան, նոր միայն կարելի է խոսել ձեռքբերումների մասին:
-Իսկ ո՞րն է այն բաղձալի նպատակը, որին հասնելու դեպքում Ձեր տարիների աշխատանքը լիարժեք կհամարեք:
-Ես ցանկանում եմ զբաղվել լուսանկարչությամբ միշտ և ունենալ սեփական ստուդիա: Իսկ աշխատանքս երբեք երևի լիարժեք չեմ համարի, տարիների աշխատանքիս գնահատականը կտան մարդիկ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին: Կթվարկե՞ք մի քանի սկզբունք, որոնց պետք է հետևի այս գործում առաջին քայլերն անողը:
-Սկսնակ լուսանկարիչներին խորհուրդ կտամ այս ուղին բռնելուց առաջ լավ մտածել, քանի որ այս ոլորտում աշխատանքն իր բարդություններն ունի, սակայն եթե այնուամենայնիվ սկսեն զբաղվել լուսանկարչությամբ, հիշեն, որ երբեք չպետք է բավարարվել իմացածով, չպետք է դադարել փնտրտուքները, չտրվել այն ամենին, ինչը կհեռացնի իրենց լուսանկարչությունից, կարողանան սովորել սեփական սխալների վրա, աշխատասեր լինեն, մնացածը ժամանակի խնդիր է:
-Ո՞ր լուսանկարչն է Ձեզ համար հեղինակություն, ու՞մ աշխատանքներն են Ձեզ համար հիացմունքի, ներշնչանքի աղբյուր:
-Ինձ համար չկան կուռքեր, իհարկե, հետևում եմ լավ լուսանկարիչների աշխատանքներին, ցանկացած նկարի մեջ սովորելու բան կա, բայց ինձ համար ներշնչանքի աղբյուրը բնությունն է և շփումը բնության հետ:
-Կտրամադրե՞ք մեզ Ձեր կարծիքով Ձեր ամենահաջողված հինգ լուսանկարները, պատմեք յուրաքանչյուրի մասին:
-Ես սիրում եմ լուսանկարել երեխաներին, քանի որ նրանք անմիջական են և անկեղծ, ինձ դուր է գալիս զրուցել նրանց հետ, այս լուսանկարը նկարել եմ Հողմիկ գյուղում, նրանք ինձ գրավեցին և ես ֆոտոխցիկով հետևում էի նրանց երկար ժամանակ, ինձ համար հանկարծակի աղջիկը համբուրեց տղային, հազիվ հասցրեցի ֆիքսել կադրը, չնայած այս կադրի մեջ որոշակի թերություններ կան, բայց այստեղ կա անկեղծություն:

Սիրում եմ նկարել նաև տարեց մարդկանց, քանի որ նրանք խորհրդանշում են իմաստություն և յուրաքանչյուրի հետ զրուցելիս ինչ-որ մի բան ես սովորում: Այս պապիկին լուսանկարել եմ պատահական, Երևանում, Արմենիա հյուրանոցի առջև նստած ախորժակով ուտում էր մի կտոր հաց, տեխնիկական հնարավորությունս թույլ չտվեց, որ հեռվից, աննկատ նկարեմ, բայց շատ գնացի, եկա և մի կերպ հասցրեցի աննկատ նկարել:

Շատերը մտածում են, որ կենդանիները զգացմունքներ չունեն, բայց դա այդպես չէ, կենդանիները երբեմն ավելի զգացմունքային են, քան որոշ մարդիկ, ես սիրում եմ լուսանկարել նաև կենդանական աշխարհը, այս լուսանկարը նկարել եմ Արզնի ձորում, խեղճ փիսոն, երբ տեսավ, լեղապատառ փախավ, երևի մարդկանց հետ չէր շփվում, միշտ հեռավորություն էր պահում:

Սիրում եմ լուսանկարել բնություն, իմ լավագույն մտքերը ծնվում են բնության գրկում, երբ ուզում եմ հանգստանալ, վերցնում եմ ֆոտոխցիկս և գնում դեպի բնություն, այդպես էր նաև, երբ փոքր էի, նեղվում էի ինչ-որ բանից, փախչում էի, գնում անտառ, նստում էի ծառերի տակ և այնպես էի խաղաղվում, կարծես ոչինչ չէր եղել...այս նկարը նկարել եմ, Արզաքան գյուղում, գնացել էինք արշավի Նեղուցի վանք, հրաշք վայր է:

Այս լուսանկարն էլ նկարել եմ պարապությունից, երբ ալարում էի տանից դուրս գալ, երբեմն այդ դեպքերում էլ է լավ ստացվում:

Հարցազրույցը վարեց` Յէթէրը