00:49 , 22 մարտ, 2014
Ladynews.am-ը գրում է.
Երազներ տեսնում ենք բոլորս, երևույթը բոլորիս է ծանոթ: Անհիշելի ժամանակներից երազներին վերաբերել են որպես կանխատեսումների, դրանց տրվել է շատ մեծ նշանակություն:
Երազների մասին շատ-շատ են խոսել հատկապես` հոգեբաններն ու հոգեվերլուծաբանները` հայտնելով տարբեր կարծիքներ ու գրելով բազում աշխատություններ, սակայն երևույթը վերջնականապես բացահայտել և հասկանալ, ոչ ոքի դեռևս չի հաջողվել: Ladynews.am-ը թեմայի շուրջ զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հետ փորձելով հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ու մեկնաբանություն ունի երազը մարդու համար և ի՞նչ է թաքնված այդ առեղծվածային երևույթի հետևում:

«Մարդկային գիտության մեջ, երազների մեկնաբանության հետ կապված, պետք է առանձնացնել երկու հիմնական` միջգիտական և գիտական փուլեր: Միջգիտական փուլը վերաբերում է հին հունական և եգիպտական մշակույթներին, որոնք մեծ ներդրում ունեն երազների մեկնաբանության ու հասկացման մեջ»,- ներկայացրեց Վլադիմիր Միքայելյանը նշելով, որ հին ժամանակներում թագավորներն ու զորավարներն իրենց արքունիքում ունեցել են երազահաններ: Մինչ քրիստոնեությունը երազները համարվել են աստվածների կողմից տրված հայտնություններ, որոնց մարդիկ պետք է հետևեին, ինչպես նաև գործեին` համաձայն երազի: Մասնագետը բացատրեց, որ երազը մարդու հոգեկանի անգիտակցական կառուցվածքի աշխատանքն է. «Երազները միշտ մարդու համար ունենում են հուզական նշանակություն, այսինքն` երազը միայն տեսարան չէ, որ տեսնում ենք. ամեն երազ ունի հույզեր և այնքան խորը , որ հնարավոր է` մարդու մոտ փոխվի տրամադրություն, հոգեվիճակ, անգամ ֆիզիկական վիճակ»:
Ինչպես նշեց հոգեբանը, երազների գիտական փուլը սկսվում է Ֆրոյդից. «Համաձայն Ֆրոյդի` երազներն ունեն որոշակի գործառույթներ, որոնցից ամենապարզը նկատվում է երեխաների մոտ. դա ցանկությունների բավարարումն է` երեխան երազում տեսնում է այն, ինչ ուզում է և չի ստանում կյանքում: Մեծահասակները ևս կարող են նման երազներ տեսնել, բայց այս դեպքում խոսքն արդեն ինֆանտիլ անձի մասինն է, որը վերդառնում է մանկական հոգեվիճակի»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ բացի այս գործառույթից, երազներն ունեն մի շարք այլ գործառույթներ, դրանք ցույց են տալիս խնդիրը և հաճախ խնդրի լուծումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ