22:46 , 21 մարտ, 20141in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն Հայաստանի նման երկրներին միջանկյալ համակարգեր ու գործիքներ պետք է առաջարկեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Նա նշեց, որ և՛ ՆԱՏՕ-ն, և՛ ԵՄ-ը պետք է ինչ-որ բան առաջարկեն այնպիսի երկրներին, ինչպիսին Հայաստանն է, այսինքն՝ այնպիսի երկրների, որոնք անցումային փուլում են, որոնք արդիականացվում են, իրենց ժողովրդավարության զարգացման փուլում են: Ըստ նրա՝ և՛ ԵՄ-ը, և՛ ՆԱՏՕ-ն մեծ փորձ ունեն Արևելյան Եվրոպայի երկրների հետ աշխատանքում և շատ գործիքներ ունեն՝ օգնելու այդպիսի երկրներին տնտեսության բարեփոխումների ճանապարհին:
«Ես հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի օգտվել այն գործիքներից, որոնք ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը կտրամադրեն: Ես անվտանգության համակարգի մասին չեմ խոսում, խոսում եմ այն մասին, թե ինչպես կարելի է կառուցել ավելի լավ ինստիտուտներ, ինչպես բարեփոխել արդարադատության համակարգը, ինչպես կառուցել ավելի մրցակցային տնտեսություն, ինչպես բարեփոխել ԶՈՒ-ն, ինչպես այն ավելի ժողովրդավարական, թափանցիկ դարձնել»,- ասաց դեսպանը:
Վերջինս անդրադարձավ նաև օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցին, որի ընթացքում նրանք մտքեր էին փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ:
Դեսպանի խոսքով, միջազգային հանրության կարծիքի գերիշխող հատվածի համաձայն՝ Ղրիմում կայացած հանրաքվեն չի կարող որակվել որպես ազատ կամարտահայտություն, ինչպե՞ս դա կարող է ազատ կամարտահայտություն լինել, եթե այն կազմակերպվել է փողոցում զորքերի առկայության պարագայում, կարճ ժամկետում, անազատ ԶԼՄ-ների պայմաններում, Ուկրաինայի իշխանությունները չեն կարողացել այդ ընթացքում այցելել Ղրիմ, ԵԱՀԿ դիտորդները չեն մտել Ղրիմ:
«Սրանք այն հանգամանքներն են, որոնցից հետո չենք կարող ասել, թե հանրաքվեն ազատ կամարտահայտում էր: Նախագահ Սարգսյանը Պուտինի հետ խոսակցության ընթացքում խոսել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին նվիրվածության կարևորության մասին: Ես երախտապարտ եմ, որ նա այդպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել»,- ասաց Քեթրին Լիչը:
Հիշեցնենք, որ նախօրեին այս հեռախոսազրույցին էր անդրադարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ այն ցավալի փաստ որակելով: