19:05 , 21 մարտ, 2014
Վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ Զինված ուժերը մի քանի անգամ շեշտակիորեն փոխվել են: Իհարկե, ԱՄՆ ԶՈւ-ն, ինչպես և Չինաստանի ազգային-ազատագրական բանակը, չափազանց բարդ են ու մեծ, որպեսզի դրանց մասին մեկ հոդվածով հնարավոր լինի հանգամանալից ու մանրամասն բնութագիր տալ, սակայն փորձենք համառոտ ներկայացնել այն էվոլյուցիան, որ անցել է ԱՄՆ ԶՈւ-ն, և կոտրենք դրա վերաբերյալ առկա ամենատարածված միֆերը:
Հետխորհրդային շատ երկրներում ԱՄՆ ԶՈւ-ն և ԱՄՆ-ն, առհասարակ, հաճախ դեմոնիզացվում ու միֆերով է պատվում՝ ընդհուպ մինչև իրականության հետ կապի լրիվ կորուստը, իսկ իրական պատկերը մոտավորապես հետևյալն է…
Աբսուրդային են բոլոր այն պնդումները, համաձայն որոնց՝ «ամերիկացիները կռիվ անել չգիտեն» և առավել ևս՝ «Ամերիկան ոչ մի պատերազմ չի հաղթել»: Ամերիկացիները ավանդապես հիանալի կռվել են ու հաղթել գրեթե բոլոր պատերազմներում, որոնցում մասնակցել են, ընդ որում, հաղթել են անվերապահորեն: Մասնավորապես, երբ Ռուսաստանը պարտվեց Առաջին աշխարհամարտում և դուրս եկավ դրանից, գերմանացիները գրեթե վստահորեն կարող էին ջախջախել Ֆրանսիային ու Անգլիային, և հենց ամերիկացիներն էին, որոնք այդ պահին ընդհանրապես մարտական փորձ չունեին, որ փրկեցին իրավիճակը, և հենց նրանց շնորհիվ էր, ի դեպ, որ բոլշևիկները վերադարձրեցին բոլոր այն հողերը, որոնք կորցրել էին Բրեստ Լիտովսկի ամոթալի պայմանագրով:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան օգնությունը ԽՍՀՄ-ի համար ևս ավելորդ չէր (մեղմ ասած) թե՛ լենդլիզյան օգնության առումով, թե՛ ԱՄՆ ԶՈւ-ի՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ցույց տալու առումով (հակառակ դեպքում Ստալինը այդքան հետևողականորեն չէր պահանջի թե՛ ապրանքները, թե՛ երկրորդ ռազմաճակատի բացումը): ԽՍՀՄ-ի զոհերի թվի համեմատ ամերիկացիների զոհերի աննշանությունը՝ բնավ էլ չի խոսում այն բանի մասին, որ նրանք պատերազմել չգիտեին, այլ նրա մասին, որ այնտեղ ընդունված չէ անտեղի տեղը կորցնել զինվորների ու սպաների, ինչպես նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը առավելապես ներգրավված էր ծովաօդային պատերազմում՝ զուտ աշխարհագրական պայմանների պատճառով:
Հարկ եղած դեպքում ամերիկացիները միշտ էլ պատրաստ են եղել կռվել ու զոհվել: Օրինակ՝ Գուադալկանալի ճակատամարտը իր հերոսականությամբ և տևողությամբ չի զիջել Ստալինգրադին, իսկ ծանրագույն Կորեական պատերազմում ամերիկացիները ևս չեն պարտվել՝ չնայած, որ չեն էլ հաղթել: Այդ պատերազմը դարձավ ճակատագրական վիետնամական պատերազմի նախաբանը:
Իրականում Վիետնամում ամերիակցիներն իրենց դրսևորեցին որպես հիանալի զորականներ, բայց նույնն էլ կարելի է ասել նրանց հակառակորդների մասին, առավել ևս, երբ նրանց ռազմական ղեկավարությունն իրականացնում էր հանճարեղ զորավար Վո Նգուեն Զիապը: Շնորհիվ խորհրդային օգնության՝ վիետնամցիները կարողացան հաղթել ամերիկացիներին բարձր տեխնոլոգիական պատերազմում (ԱՄՆ ռազմաօդային ուժերն՝ ընդդեմ Վիետնամի ՀՕՊ-ի), նրանք հիանալիորեն օգտվեցին ռազմի դաշտի աշխարհագրական պայմաններից՝ ինչպես պարտիզանական, այնպես էլ դասական պատերազմներում, և որ ամենահետաքրքիրն է, վիետնամցիները ջախջախեցին ամերիկացիներին անգամ տեղեկատվական պատերազմում: Եվ հենց դա, հիրավի, ուժգին հարված հասցրեց ԱՄՆ ԶՈւ-ին և ստիպեց անցում կատարել մեր օրերում այդքան գովաբանվող «պրոֆեսիոնալ բանակի»:
Այստեղ հարկ է մի պահ կանգ առնել ու հիշել, որ ցանկացած զինված ուժեր գոյություն ունեն միայն հանուն մեկ նպատակի՝ հարկ եղած դեպքում պատերազմ մղելու, իսկ պատերազմը ենթադրում է, որ դրան մասնակցողների մի մասը պարտավոր են զոհվել: Հենց սրանով էլ զինվորականի մասնագիտությունը սկզբունքորեն տարբերվում է այլ մասնագիտություններից: Հանուն փողի չեն զոհվում, բայց հանուն փողի սպանում են: Զոհվում են միայն հանուն գաղափարի, և հենց դրա համար էլ զորահավաքով կազմավորվող բանակը հոգեբանորեն ավելի կայուն է, քան «պրոֆեսիոնալը», քանի որ ապրիորի ենթադրում հայրենիքի պաշտպանություն, իսկ այ պրոֆեսիոնալ բանակը կաղում է երկիրը պաշտպանելու հարցում, ինչն ամեն անգամ ապացուցում է պատմությունը:
Երկու համաշխարհային պատերազմների դեպքում էլ ամերիկյան բանակը, բնականաբար, զորահավաքային էր, ու հենց դրա համար էլ հիանալի էր իրեն դրսևորում մարտի դաշտում: Վիետնամական պատերազմում ևս զորահավաքային ամերիկյան բանակն ընդհանուր առմամբ իրեն շատ լավ դրսևորեց, սակայն այդ պատերազմը դադարեց ընկալել հասարակությունը, և որպես հետևանք, անհայտացավ այն գաղափարը, որի վրա հենված էր զորահավաքային բանակի հոգեբանական ամրությունը: Այդ իսկ պատճառով բանակը սկսեց աստիճանաբար ջլատվել (ԱՄՆ ԶՈւ պատմության մեջ առաջին անգամ հենց այս պատերազմում են գրանցվել ենթակաների կողմից վերադասների սպանությունների մասսայական դեպքեր): Ուստի, ԱՄՆ-ն ստիպված էր չեղարկել զորակոչը, իսկ ավելի ճիշտ՝ զրոյացնել այն, քանի որ իրավաբանական տեսակետից այն մինչ օրս էլ գործում է:
Նկարում Վո Նուգեն Զիապը
Եվ միանգամից ամեն ինչ էլ ավելի վատացավ, որովհետև շուկայական տնտեսությունով զարգացած երկրում պրոֆեսիոնալ բանակում ծառայություն անցնելու համար առաջին հերթին կհերթագրվեն նրանք, ովքեր իրենց տեղն այդպես էլ չեն կարողացել գտնել քաղաքացիական կյանքում, այսինքն՝ լյումպենները, կամ էլ, լավագույն դեպքում, սոցիալական ստորին խավի քիչ թե շատ ադեկվատ ու նորմալ դաստիարակված ներկայացուցիչները: Հասարակության այլ շերտերի ներկայացուցիչները գերադասում են քաղաքացիական մասնագիտություններ ընտրել, որոնք անգամներով ավելի շատ եկամուտ են ապահովում և առավել ևս անհամեմատ ավելի շատ անձնական ազատություն, իսկ եթե մտնում էլ են բանակ, ապա հաստատ ոչ շարքայինների կարգավիճակում, այլ սպաների: Այդպես էր բոլոր զարգացած երկրներում, այդպես եղավ նաև ԱՄՆ-ում, որտեղ 70-80-ականներին անձնակազմի որակը աղետալի անկում գրանցեց:
Ամերիկացիները, սակայն, խնդրին համակարգային մոտեցում ցուցաբերեցին. նրանք անգամներով բարձրացրեցին պայմանագրայինների դրամական վարձատրության չափը, և սկսեցին նրանց տրամադրել շատ շոշափելի սոցիալական արտոնություններ (օրինակ՝ անվճար բարձրագույն կրթություն): Դա 90-ականների սկզբի դրությամբ բերեց անձնակազմի որակի էական բարելավման, բայց փոխարենը անգամներով բարձրացրեց ծախսերի չափսը: Հաճախ հնչում է այն գաղափարը, որ լավ պրոֆեսիոնալ բանակ պահելն ավելի էժան է, քան զորակոչայինը, ինչը ակնհայտ սուտ է:
Բացի այս ամենից, ԱՄՆ-ում ավելի հետևողականորեն սկսեցին պայքարել նրա համար, որ հետագա մարտական գործողությունները ավելի քիչ զոհեր գրանցեն, իսկ հնարավորության դեպքում՝ ընդհանրապես առանց զոհերի լինեն: Այս ուղղությունունմ նրանց հաջողվեց կրկին մեծ բարձրունքների հասնել: Մասնավորապես, մշակվեց ռազմական գործում հեղափոխական դարձած ցանցակենտորն պատերազմի կոնցեպցիան, որը ենթադրում է ամբողջ ԶՈւ-ի բոլոր զորատեսակների միավորումը մեկ օրգանիզմում, որտեղ ամենքը կապված են ամենքի հետ՝ տվյալների փոխանակման համակարգերով, իսկ հակառակորդի բոլոր գործողություններին հետևում են ռեալ ժամանակի ռեժիմում, և հարկ եղած դեպքում հասցնում այնպիսի ուժգնության ու ինտենսիվության հարվածներ, որպիսին պահանջվում է տվյալ պահին՝ տվյալ խնդրի կատարման համար: Շնորհիվ այս նորամուծությունների՝ ԱՄՆ-ին հաջողվեց գրեթե առանց զոհերի հաղթել Հարավսլավական և Իրաքյան երկու պատերազմներում, բայց այդ հաջողության մեդալի մյուս կողմը այն էր, որ տեխնիկական այս հրաշքները խիստ թանկ են նստում, և որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի թանկ հաճույք է դառնում պատերազմելը, իսկ երբեմն էլ՝ աննորմալ թանկ (2001-ից մինչ օրս մղած բոլոր պատերազմների վրա ԱՄՆ-ն ծախսել է արդեն մի քանի տրիլիոն դոլար):
Ամերիկացիների համար շարունակում է խնդիր մնալ նաև հոգեբանական գործոնը: Աֆղանական և Իրաքյան երկրորդ պատերազմների սկզբում անձնակազմը շատ լավ էր մոտիվացված, որովհետև վստահ էր, որ վրեժխնդիր է լինում Սադդամից ու թալիբներից՝ Սեպտեմբերի 11-ի համար (իսկ Սադամը, ինչպես հիմա արդեն հայտնի է, առհասարակ ոչ մի կապ չուներ ահաբեկչության հետ): Բացի դրանից, երկու պատերազմների սկզբնական էտապներում ԱՄՆ ԶՈւ-ն փայլուն հաղթանակներ տարավ ու գրեթե խուսափեց կորուստներից, բայց հետո եկավ պատերազմի երկրորդ էտապը, որի ժամանակ արդեն դասական պատերազմին փոխարինեց պարտիզանականը: Պարտիզանական պատերազմում ռազմական տեխնիկայի դերը շեշտակիորեն նվազում է, իսկ տևողությունն անհամեմատ երկարում է: Աֆղանական պատերազմն ի սկզբանե այդպիսին էր:
Հենց այս էտապում էլ հերթական անգամ պարզ դարձավ, որ ոչ ոք չի պատրաստվում զոհվել հանուն փողի: Անձնակազմի որակը ցամաքային զորքերում և անգամ էլիտար Ծովային հետևակում էլի կտրուկ անկում գրանցեց և միևնույն ժամանակ կտրուկ աճեց դրանց ապահովման ու սպասարկման գինը:
Արդյունքում ԱՄՆ ԶՈւ-ն կոտորվեց սեփական ֆինանսական ու հոգեբանական խնդիրների ծանրության տակ: Այո՛, ԱՄՆ ԶՈւ-ն այսօր տեսականորեն ունակ է ճզմել ցանկացած երկրի, բացի Ռուսաստանից ու Չինաստանից, բայց դա միայն տեսականորեն, ինչը փաստում է Սիրիայի փորձը: Անգամ ծայրագույն լարվածության պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ ԱՄՆ-ն կներքաշվի հերթական պատերազմի մեջ, անաչառ դիտորդը կնկատեր, թե ինչպես էր ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում խույս տալ այդ հերթական գլխացավանքից, անգամ երբ Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսավորել այդ պատերազմը: ԱՄՆ-ին փրկեց Մոսկվան, թեև շատերը կարծում են, որ Մոսկվան Դամասկոսին փրկեց:
ԱՄՆ ԶՈւ-ն հիմա ճամփաբաժանի առջև է: Եթե ամերիկացիներին հաջողվի ողջամիտ ծախսերի գնով ստեղծել ռոբոտիզացված մարտական համակարգեր՝ օդում, ջրում ու ցամաքում, և նոր ֆիզիզկական սկզբունքների վրա գործող զենք (առաջին հերթին նանոզենք)՝ նրանք կարող են դառնալ բացարձակ հեգեմոն: Մյուս կողմից, այդ նորարարությունները վտանգ են ներկայացնելու մարդկության համար, այդ թվում նաև ամերիկացիների, ընդ որում, էականորեն ավելի մեծ վտանգ, քան միջուկային զենքը:
Ամերիկացի զինվորները հետ են մղում թալիբների գրոհը
Եթե ամերիկացիներին, այնուամենայնիվ, հաջողվի դա, ապա որքան էլ դա տարօրինակ հնչի, բայց նրանց ԶՈւ-ն անպիտան կդառնա: Նրանք առաջվա պես ի զորու կլինեն ճզմել աշխարհի գրեթե ցանկացած բանակ, բայց մեր օրերում աշխարհի բանակաները կամ ԱՄՆ դաշնակիցների բանակներն են, կամ էլ ամենևին չեն պատրաստվում պատերազմի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի սակավաթիվ պոտենցիալ հակառակորդներին, ապա դրանք կդառնան անհասանելի ԱՄՆ-ի համար: Բնականաբար, ԱՄՆ-ն տեսանելի ապագայում ի զորու է լինելու պաշտպանել իր տարածքը ցանկացած ոտնձգությունից, բացի միջուկային զանգվածային հարվածից: Սակայն արի ու տես, որ ոչ ոք չի պատրաստվում գրոհել ամերիկյան տարածքը, իսկ այ Արևելյան կիսագնդում հարցերը կսկսեն լուծվել առանց Վաշինգտոնի:
Արդի իրականությունում, երբ Ռուսաստանը ձեռնարկել է դանդաղ ու քաոտիկ, բայցևայնպես վերազինում, իսկ ԱՄՆ-ն, ինչպես արդեն նշվեց, գտնվում է տնտեսական ու հոգեբանական բարդ կացության մեջ, ականատես ենք լինում ԱՄՆ ԶՈւ-ի հերթական ձևափոխման սկզբին: Ամերիկացիները ամենևին էլ չեն վախենում ցամաքային դասական պատերազմից՝ անկախ նրանից, թե ինչ են ասում դրա մասին նրա պայմանական հակառակորդները: Միակ բանը, որ կարելի է պնդել, այն է, որ ամերիկացիները վստահաբար կգնան նման պատերազմի, եթե իմանան, որ կարող են ապահովել օդային գերակայություն: Սակայն վերջին անգամ ամերիկացիները ուժեղ ՀՕՊ համակարգի հետ առնչվել են 1991 թվականին, որը թեև ամբողջովին շարքից դուրս հանվեց, բայց այդ օպերացիայում ԱՄՆ-ն կորցրեց 30 ինքնաթիռ ու անհայտ քանակությամբ թևավոր հրթիռներ:
Հետո ամերիկացիները առնչվեցին փոքրաթիվ ու խիստ արխայիկ սերբական ՀՕՊ համակարգի հետ, որի ժամանակ ունեցան, կարելի է ասել, աննշան կորուստներ, իսկ այ ժամանակակից ու գերժամանակակից ՀՕՊ պաշտպանության հետ բախման փորձ ամերիկացիները դեռևս չունեն: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ԱՄՆ-ը պատրաստվում է կրճատել առաջին հերթին ավիացիայի ֆինանսավորումը, ԱՄՆ-ն հայտնվում է ոչ շահեկան կարգավիճակում՝ իր դոկտրինայի համատեքստում: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը չի կարող հասցնել զինաթափող միջուկային հարված՝ չստանալով նույնարժեք պատասխան, ու այս վիճակը քիչ հավանական է, որ փոխվի տեսանելի ապագայում, ուստի տեսանելի ապագայում պետք չէ սպասել նաև բաց ռազմական կոնֆրոնտացիա՝ ԱՄՆ-ի ու նրա հավանական հակառակորդների, հատկապես՝ Ռուսաստանի հետ: