«Նովրուզ Բայրամ». ազատության կանչով (Տեսանյութ)


17:20 , 21 մարտ, 2014

«Նովրուզ Բայրամ». ազատության կանչովArmnewsTV.am-ը գրում է.

Առանց գլխաշորի աղջիկներ, սրճարաններ ու հայկական հյուրասիրություն: Գումարած հարազատ լեզվով գրություններ, որ հյուրերը զգան ինչպես տանը:
Համեցեք` այսպես բարեհամբույր ու հարազատ լեզվով Հայաստանում դիմավորում են իրանցիներին: «Արիա»-ի ներսում գրեթե ամեն ինչ իրանական է` խոհանոցը, լեզուն ու երաժշտությունը:
«Նովրուզ Բայրամ»-ին, իրանական Նոր Տարուն ընդառաջ` տոնածառն էլ են դրել: Միայն այն ոչ թե ծառ է, այլ բնություն, հարստություն և վերածնունդ խորհրդանշող տարբեր իրեր:
Հայաստանում «Հարության տոնն» են հավկիթ ներկելով նշում, Իրանում` Նոր Տարին: Արդեն 10-ը տարի «Արիա»-ում հարևանական մթնոլորտ է ու պարսկական միջավայր: «Նովրուզ»-ին ընդառաջ ճաշացանկն էլ են թարմացրել` նոր, միայն Իրանին հատուկ ճաշերով ու պարսկերենով, որ հյուրերին հարմար լինի:
Մոհսենների ընտանիքը առաջին անգամ է Հայաստանում: Ծանոթ բարեկամներից լսեցին` լավագույն Նոր Տարին Հայաստանում է: Հարց ու փորձ արեցին, պարզվեց և գներն են ցածր, և մթնոլորտն է բարեկամական: Welcome to Armenia-ն սկսեց սահմանից:
«Նովրուզ Բայրամ»-ին յուրաքանչյուր իրանցի իր գրպանից ծախսում է 700-800 դոլար: Հենց այս շրջանում է, որ դոլարը անկում է ապրում` էժանանում է: Փոխարժեքը կտրուկ բարձրանում է ու նույնքան կտրուկ էլ իջնում: 
Զբոսաշրջության վարչության պետը պնդում է, որ խաբեություն չկա: Մեկ երկու դեպքն էլ ամբողջ Հայաստանի վրա տարածելը սխալ է: Հայաստանն իր հյուրերին ընդունում է ինչպես կարգն է, որոշ թերություններ էլ եթե կան` հատուկ են բոլոր զբոսաշրջային վայրերին:
Տարեցտարի իրանցիների հոսքը Հայաստան ավելանում է, իսկ զբոսաշրջային ավանդույթները սկսեցին ձևավորվել դեռ 2006-2007 թվականներին: 2009-ին 87 հազար իրանցի եկավ Հայաստանը, 2011-ին արդեն` 134 հազար: Անցյալ տարի նրանց թիվը 94 հազար էր` պայմանավորված իրանական փողի անկման հետ: Ամեն դեպքում իրանցիների հոսքը կարգավորվել է, իսկ առավելագույն այցերի գագաթնակետը միայն «Նովրուզ»-ի օրերին չէ:
Հարևան երկրի բարեկամ զբոսաշրջիկներն իրենց Հայաստանում զգում են ինչպես ձուկը ջրում ու իրենց ափսեի մեջ: Կրոնական ու քաղաքակրթական տարբերությունները նրանց չեն կաշկանդում` ավելի են մոտեցնում: Այստեղ պահպանողական ու փակ իրանական հասարակությունից իրանցիները ընկնում են քրիստոնեական բաց հասարակություն: Գալիս են «Նովրուզ»-ի ազատության կանչով:
«Նովրուզ»-ին ինչ հասցրեցին հասցրեցին, Իրանում նրանց սպասում է երկար շորեր, կոծկած մազեր ու նամազ: Երևանում կարող են պարել փոփ աստղերի ու դիջեյների ռիթմերի ներքո, Թեհրանում միայն արաբական մեղեդիների:
Գիշերային լույսեր, ակումբներ, փաբեր ու սրճարաններ: Հայաստանը իրանցիների համար, ինչպես հայերի համար եվրոպան` ազատության կղզյակ է, որտեղ բարոյական կանոնները գրեթե նույնն են, բայց մթնոլորտն է ուրիշ, քողարկված ժամանցը բաց է, բաց ժամանցը` բարոյական չափանիշներով կարգավորված: Նովրուզից հետո իրանցիները վերադառնում են հայրենիք` սպասելով ևս մեկ տարի, որ վերադառնան ազատության կանչով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ