14:37 , 21 մարտ, 2014
Ասում են՝ մարտի 19-ին վտանգավոր միջադեպ է գրանցվել թուրք-սիրիական սահմանին. Սիրիայի զինված ուժերին պատկանող SA-17 զենիթահրթիռային համակարգի ռադարը ֆիքսել և մի քանի վայրկյան ուղեկցել է սահմանամերձ շրջաններում մանևրներ իրականացնող թուրքական օդուժին պատկանող 8 F-16 մոդելի կործանիչների, որոնք կարճ ժամանակ անց հեռացել են այդ հատվածից...
Նույն օրը իսրայելական օդուժն էր հարձակում գործել սիրիական մի շարք ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակին պատկանող ռազմական մեքենայի վրա Սիրիայի տարածքից իրականացված հարձակման (դեռ ապացուցված էլ չէ, որ հարձակման հետևում կանգնած են հենց կառավարական կամ դրանց հարող ուժերը)...
Իսկ ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է փակել Վաշինգտոնում ՍԱՀ դեսպանատունը և Միչիգանում ու Տեխասում տեղակայված սիրիական հյուպատոսությունները:
Գուցե վերոնշյալ դեպքերի միջև կապն ընդամենը տրամաբանական է, բայց այդ ամենը տեղի է ունենում երկրի ներսում սիրիական բանակի ջախջախիչ հաջողությունների և հակակառավարական խմբավորումների աննախադեպ նահանջի իրողության պայմաններում, երբ բանակային ստորաբաժանումները մեկը մյուսի հետևից վերականգնում են վերահսկողությունը երկրի հարավ-արևմուտքում՝ ալ-Կալամուն լեռան շրջանում գտնվող ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք բնակավայրերում, էական առաջընթաց գրանցում նաև հարավային և հյուսիսարևմտյան ուղղություններով, իսկ մյուս կողմից, ավելի հաճախ է խոսվում նաև սիրիական հակամարտության շրջանակներում Իրանի դերի ակտիվացման և ընդհանրապես նաև ներսիրիական գործընթացներում Թեհրանի ներգրավվածության աճի մասին: Մինչդեռ, ի տարբերություն, տրամագծորեն հակառակ իրավիճակ է տիրում հակառակորդ ճամբարում. ընդդիմադիր ուժերի շրջանում շարունակվում է ներքին գզվռտոցը՝ առանձին տարածքներ վերահսկելու նպատակով, դրան հավելած՝ հակակառավարական խմբավորումների տարածաշրջանային հովանավորների շրջանում տիրող իսկական խառնաշփոթը. այս համատեքստում, ուժերի հարաբերակցությունը Սիրիայի ներսում սրընթաց կերպով փոխվում է հօգուտ գործող վարչակարգի…
Հետևաբար Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես հորդանանասիրիական և իսրայելասիրիական սահմանների մերձակայքում նկատվող զորաշարժերը, դրան հավելած՝ ուկրաինական ճգնաժամի հետևանքով գերտերությունների միջև լարված հարաբերությունների իրողությունը մի բան են հուշում, որ վերոնշյալ սահմանային միջադեպերն ու իրադարձությունները ներկայում հոգեբանական ազդեցություն են հետապնդում, նաև հնարավոր է՝ լուրջ նախազգուշացում են. արդեն մոտ ապագայում Դամասկոսի դեմ նոր դավադրություն է նախապատրաստվում: