Անկարան լրջորեն անհանգստացած է Ղրիմի հետ կապված իր երազանքների հերթական տապալումից


13:51 , 21 մարտ, 2014

Մի քանի օր առաջ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու կապակցությամբ իր լայնածավալ ելույթում ՌԴ նախագահը, թեև չտալով Թուրքիայի անունը, բայց նշելով, որ Ղրիմը պետք է լինի ռուսական ուժեղ ինքնիշխանության ներքո, միանշանակորեն հասկացրեց, որ մասնավորապես թուրքերը Սև ծովում ռազմավարական դիրք զբաղեցնող այս թերակղզում այլևս անելիք չեն կարող ունենալ:

Դատելով թե՛ թուրքական ԶԼՄ-ների և թե՛ քաղաքական շրջանակների ակնհայտ բացասական արձագանքներից՝ Անկարան լրջորեն անհանգստացած է սևծովյան ավազանի հյուսիսում ռուսական առաջխաղացումից և Ղրիմի հետ կապված իր երազանքների հերթական տապալումից:

Այս համատեքստում Թուրքիային անսպասելի հարված հասցրեց նաև վերջին օրերին Արևմուտքի ուկրաինական քաղաքականությունը սուր քննադատության արժանացնող գերմանական Բունդեսթագում ձախերի առաջնորդ Գրեգոր Գիզին, որը երեկ Ղրիմի դեպքերի կապակցությամբ իր ելույթում ուղղակիորեն հիշեցրեց, որ 1974թ. Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, ինչից հետո Անկարայի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել: