Ապրիլի 4-ից 11-ը Իսրայելում կմեկնարկի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին, բնականաբար, մասնակցելու են նաև հայազգի ծանրորդները: Life.panorama.am-ը զրուցեց մասնակիցներից մեկի՝ ծանրորդուհի Մելինե Դալուզյանի հետ: Սակայն մեր զրույցը զուտ սպորտային չէր… Զրուցեցինք նաև ընտանիքի, ընկերների, բամբասանքների և ամուսնության շուրջ: Ի դեպ, վերոնշյալ թեմաներից 3-րդին, ինչ-ինչ պատճառներով, Մելինեն առնչվում է անդադար…
-Այժմ պատրաստվում եք Եվրոպայի առաջնությանը, այո՞:
-Այո, շուտով վերջին նախապատրաստական հավաքները կլինեն:
-Հիմա ի՞նչ մարզավիճակում եք:
-Դե, վիրահատություններից հետո բավականին ապաքինվել եմ: Հիմա կփորձեմ ինձ համար, իմ կարգավիճակի համար հնարավորինս լավ հանդես գալ այս առաջնությունում:
-Բնականաբար, հաղթանակած վերադառնալու ցանկությունն ու նպատակը մեծ է:
-Ներկա պահին նպատակը իմ բարձրացրած կիլոգրամներից մի քիչ ավել բարձրացնելն է: Իսկ մեդալի մասին դեռ չեմ էլ ուզում մտածել:
-Որպես սպորտսմեն՝ ձեզ բոլորը ճանաչում են: Իսկ այլ մասնագիտություն ձեզ չի՞ հետաքրքրո՞ւմ…
-Նախ ասեմ, որ այս պահին ինձ բացի սպորտից ոչինչ չի հետաքրքրում… Հիմա փորձում եմ խորանալ սպորտի մեջ, ինչ-որ բաներ ապացուցել: Իսկ սպորտը թողնելուց հետո այլ մասնագիտության մասին կմտածեմ…Ես մանկավարժական և իրավագիտական բարձրագույն կրթություն ունեմ, հավանաբար երկուսից մեկը կընտրեմ ու կշարունակեմ:
-Մելինե, անձնական բնույթի խոսակցությունները, բամբասանքները ձեզանից անպակաս են… Ինչպե՞ս եք վերաբերում:
-Ես չարալեզուներին փորձում եմ ընդհանրապես չլսել, չեմ նկատում ոչ այդ խոսակցությունները, ոչ էլ դրանց մասին մեկնաբանությունները: Այդ խոսակցությունները բնականաբար ամեն առումով ազդում է, բայց ես փորձում եմ դրանց լուրջ չվերաբերել ու ուշադրություն չդարձնել…Թեև խուսափել էլ չեմ կարող…Ամեն դեպքում՝ մենք արդեն սովորել ենք, որ նման բաները պետք է արհամարհել և անցնել մի կողմ…
-Մտերիմ ընկերուհիներ ունե՞ք, թե խուսափում եք շատերի հետ շփվելուց:
-Ոչ թե խուսափում եմ, այլ ժամանակ չկա որևիցե մեկի հետ շփման: Սպորտային աշխարհը, սպորտային կյանքը բավականին մեծ ժամանակ է խլում և առօրյա կյանքին ժամանակ տրամադրելը անհնարին է դառնում: Այս պահին ընկերներ շատ քիչ ունեմ՝ մեկ տղա և մեկ աղջիկ ընկեր ունեմ…
