Թայլանդի ՍԴ-ը անվավեր է ճանաչել խորհրդարանական ընտրությունները


12:18 , 21 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Թայլանդի Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել փետրվարի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:

Ընտրությունների օրինականությունը ստուգելու համար դատարան էր դիմել ընդդիմությունը: Դատարանը եզրակացրել է, որ քվեարկությունը չի համապատասխանել երկրի սահմանադրությանը, քանի որ մի շարք ընտրական հանձնաժողովներ ընդդիմադիր ակտիվիստների ճնշան տակ չեն բացել ընտրատեղամասերը, ինչը նշանակում է, որ ընտրություններն անց չեն կացվել մեկ օրում ողջ երկրում:

Սահմանադրական դատարանը խորհուրդ է տվել ժամանակավոր կառավարությանն անհապաղ խորհրդակցություն սկսել նոր ընտրություններ անցկացնելու համար:

2013 թվականի նոյեմբերից Թայլանդում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականի պահանջով: Ընդդիմությունը պնդում է, որ երկիրը փաստացի ղեկավարում է նրա եղբայր Թաքսին Չինավատը, ով փախած է երկրից և դատապարտված է կոռուպցիայի համար:

Ընդդիմության ճնշման տակ Չինավատը համաձայնել է արտահերթ ընտրություններ անցկացնել և ժամանակավոր կառավարություն ձևավորել, որն էլ գլխավորել է ինքը: Ընդդիմությունը չի ընդունել այս տարբերակը՝ համարելով, որ Չինավատի կուսակցությունը հաղթանակ կտանի կեղծիքի միջոցով: