11:24 , 21 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Հանրապետությունում մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Եղանակային բարենպաստ պայմանների պատճառով, այս տարի այդ աշխատանքները սկսվել են ավելի վաղ: Այսպիսով, բնակլիմայական պայմանները, առայժմ նպաստավոր են գարնանային աշխատանքների համար և գյուղատնտեսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտավայրում արդեն կատարվում են այգեբացի աշխատանքներ, ընթացքի մեջ են խաղողի վազերի այգեբացի, պտղատուների էտի ձևավորման, ծառերի բների մաքրման և սպիտակեցման աշխատանքները: Արարատյան դաշտավայրում այգեբացի աշխատանքներին զուգահեռ սկսվել է նաև վաղահաս կարտոֆիլի ցանքը:
«Կարելի է ասել, որ տարին մոտ 10-12 օր առաջ է ընկել, իհարկե, հնարավոր է, որ հետագայում այդ տարբերությունը վերանա, սակայն ճիշտ ժամանակն է սկսելու գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Այս պահի դրությամբ այդ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքերով` նախարարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում գարնանացանն ավելի կազմակերպված անցկացնելու, սերմացուն, պարարտանյութն ու դիզելային վառելիքը ժամանակին մատակարարելու ուղղությամբ:
Ըստ Գ.Պետրոսյանի` Ռուսաստանից ամեն օր նոր խմբաքանակով սերմացու է ներկրվում Հայաստան. այսօրվա դրությամբ ներկրվել է 656 տոննա գարնանացան գարու, 20 տոննա` առվույտի և 40 տոննա` կորնգանի սերմացու: Սերմացուի բաշխումը կկատարվի ըստ գոտիների, մասնավորապես, առաջին հերթին այն կտրամադրվի ցածրադիր, հետո` նախալեռնային և բարձադիր գոտիներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ