06:25 , 21 մարտ, 2014Արմեն Մովսիսյանի այդ հայտարարությունը կարող է սենսացիոն բնույթ կրել, թեեւ այստեղ իհարկե կան ճշգրտումներ պահանջող հարցեր: Մասնավորապես, ինչի՞ համար է Հայաստանը գնելու այդ գազը՝ սպառողներին մատակարարելո՞ւ, թե ընդամենը գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը Իրանի հետ շարունակելու:
Երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին եւ գազային հայտնի համաձայնագիրը կնքեց Ռուսաստանի հետ, ու պարզվեց, որ Հայաստանը 300 միլիոն դոլար էլ գազի պարտք է կուտակել գրեթե օդից, Իրանի դեսպանը Հայաստանում հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, ասելով, որ Իրանը կարող է գնային առումով ռուսականի հետ մրցունակ գազ մատակարարել Հայաստանին:
Էներգետիկայի նախարար Մովսիսյանը հայտարարեց, որ դա այդպես չէ, եւ ի տարբերություն ռուսական գազի, որը սահմանի վրա արժենալու է 189 դոլար 1000 խմ դիմաց, Իրանի գազը սահմանի վրա արժե 400 դոլար՝ 1000 խմ դիմաց: Դրանից հետո սակայն, Իրանի դեսպանը կրկին ասուլիս տվեց ու հայտարարեց, որ մեկի համար գազը կարող է 400 դոլար արժենալ, իսկ մյուսի համար էլ 100 դոլար՝ ամեն ինչ կախված է բանակցությունից:
Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան խոստովանեց, որ Իրանից էժան գազ գնելու համար չի բանակցել Թեհրանի հետ, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը միեւնույն ժամանակ «դիվանագիտական վրիպակ» որակեց Իրանի դեսպանի հայտարարությունները էժան գազի մասին:
Դրանից մի քանի շաբաթ հետո Իրանի դեսպանը կառավարությունում Տիգրան Սարգսյանի հյուրն էր: «Վրիպակի» մասին իրանական կողմը հրապարակային բացատրություն չտվեց, սակայն օրերս Իրանի դեսպանը կրկին հայտարարել էր, որ Իրանը կարող է էժան գազ մատակարարել, եւ դա կախված է բանակցությունից, եւ որ գազի շուրջ այդպիսի քննարկում կլինի մայիսին Թեհրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժովովի նիստում:
Այդ առումով հարց է առաջանում, թե արդյոք էժան գազ գնելու մասին հայ-իրանական բանակցությունը հայ-ռուսական գազային կապիտուլյացիոն համաձայնագրի խախտում չէ; Բանն այն է, որ այդ համաձայնագրով Գազպրոմի առաջ Հայաստանը պարտավորվում է մինչեւ 2043 թվականը այլ աղբյուրից գազ չգնել եւ չանել քայլեր, որոնք կսպառնան Հայաստանում Գազպրոմի շահութաբերության անկմամբ: Այդ համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը վավերացրել է: Այդպիսով, Իրանի հետ էժան գազ գնելու վերաբերյալ բանակցությունը կնշանակի Գազպրոմի առաջ պարտավորության խախտում: Կարո՞ղ է Հայաստանն իրեն թույլ տալ այդպիսի «շքեղություն»:
Դրան քչերը կարող են հավատալ, դժվար է պատկերացնել, որ պաշտոնական Երեւանն իրեն կարող է թույլ տալ շրջանցել Գազպրոմի գլուխը: Գազպրոմի գլուխն իհարկե այս օրերին բավական խառն է, ընկերության ղեկավարը հայտնվել է պատժամիջոցների ենթակա անձանց ցանկում, ընկերությունն էլ ունի բավական լուրջ խնդիրներ թե մարտավարական, թե ռազմավարական հեռանկարում: Բայց անգամ այդ դեպքում դժվար է հավատալ, որ Գազպրոմը չի կարող «աչքի պոչով» գոնե վերահսկել Հայաստանի գործողությունները:
Գուցե բանն էլ հենց այն է, որ Հայաստանը Իրանի հետ բանակցելու է էժան գազի շուրջ, բայց ոչ թե Գազպրոմի գազին փոխարինող, այլ ընդամենը Երեւանի ՋԷԿ-ում էլէներգիայի վերածվող եւ Իրան արտահանվող գազի: Այսինքն, Երեւանն ու Թեհրանը գուցե բանակցելու են այդ գործարքի շրջանակում մատակարարվող գազի գնի շուրջ, գինը նվազեցնելու համար:
Չի բացառվում նաեւ, որ բանակցությունն ունենա այդ ձեւակերպումը, սակայն քննարկումը կրի իհարկե առավել լայն բնույթ եւ շոշափի գազային ոլորտի ավելի լայն շրջանակ:
Բոլոր դեպքերում, Արմեն Մովսիսյանի հայտարարությունն ունի լրացուցիչ պարզաբանումների կարիք, սակայն ինքնին փաստը, որ գազի գնի շուրջ սկսում են հայ-իրանական քննարկում եւ բանակցություն, իր մեջ այդուհանդերձ պարունակում է դրական միտում:
Ընդ որում, չի բացառվում, որ այդ բանակցությունը տեղի է ունենում Ռուսաստանի համաձայնությամբ, եւ Մոսկվան փորձում է ժեստ անել Թեհրանի ուղղությամբ, որը հարաբերություն է կարգավորում Արեւմուտքի հետ: Կրեմլի համար Թեհրանի բարյացակամ տրամադրվածությունը շատ կարեւոր է ներկայում, երբ աշխարհում սկսվել է Ռուսաստանի մեկուսացման եւ շրջափակման լուրջ գործընթաց:
Օրերս հետաքրքիր տեղեկություն էր հայտնել Մոսկվայում Իրանի դեսպանը, ով հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան բանակցում են իրանական նավթը գնելու վերաբերյալ: Այսինքն, Ռուսաստանը գնում է իրանական նավթը, որը սակայն մնում է Իրանի տարածքում, սակայն այնտեղից վաճառում է արդեն Ռուսաստանը:
Իսկ օրերս տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ հանել է Ճապոնիա ու Եվրամիության մի շարք երկրներ իրանական նավթի արտահանման արգելքը: Նկատելի է, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը որոշակի մրցակցություն են սկսել Իրանին առաջարկներ անելու հարցում, եւ այստեղ Հայաստանը կարող էր ստանալ շնչելու մի փոքր հնարավորություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ