«Նարեկյան աղոթք». Կարդում է Նունե Ավետիսյանը. (Video)
03:43 , 21 մարտ, 2014
Խնկյալ, բարեշնորհ, կենսապարգև Տե՜ր,Անշոշափելի էականության,Պատարագված լույս:Լսիր աղոթքս արփիացնցուղ:Պարածածկիր ինձ խնկաբույր լույսիդ ճաճանչացողով:
Ալեկոծված եմ մրրիկներից ահեղասաստ:
Հառաչաձայն արցունքներով`
Մեղապարտների մաքրագործումն եմ փորձում կատարել`
Օծյալ խորանիդ, ոսկեկոր նյութիդ ,
Փառած տեսիլքիդ:
Մեղքով շղթայված` լույս եմ աղերսում:
Պարուրիր դու ինձ բոլորաշաղախ Քո փրկող հրով:
Դարձրու տոկուն:
Տագնապի տենդով բորբոքված հոգուս իջեցրու անդորր,
հանիր թմրաբեր մրուրը մեղքիս` մարմնիս միջից:
Ներարկիր լույսիդ լուսակաթոցով:
Աղերսում եմ, Տե՜ր,
խոսքիս հրայրքը ձուլիր միածին Քո ներկայությամբ,
Քո արևափայլ լուսապսակով:
Անմահ պատարագ ընծայիր հոգուս:
Օգնիր, որ հասնեմ ինքնամաքրման:
Ճառագայթազարդ աղերսս լսիր, ամենակարող:
Դարձրու երկնքիդ ոսկեզօծ ցողի կաթիլով օծվ՜ած:
Լուսանորոգ շաղ կանթեղիր սրտիս խավար խորքերում:
Բոցանյութ ցոլքով լուսեղեն ամպդ տարածիր վրաս:
Հոգիս ներարկիր խնկյալ խորհրդով,
դարձրու հորդախոս մարգարե դու ինձ,
օրհնիր լուսազարդ ճառագայթներով :
Օտարության մեջ մենակ չթողնես,
խավարն հալածող փրկության ժամին`
հիշիր նվաստիս,
որ զավակն է Քո:
Հայ՜ր, թող հեռանա հոգուս ծանրացած ամեն մի հանցանք:
Տարածիր լույսդ թույլ մարմնիս վրա,
տկարության մեջ` առողջացրու ինձ:
Կիզանուտ, հրոտ, արարչագործված լույսդ ճառագիր,
կարկամ կանթեղս դարձրու բորբոք,
ցողիր փրկությամբ,
որ ինձ հիշելով`
հառնեմ քաղցրահամ երազի նման:
Արցունքաթաթախ աղոթքս լսիր
արարիչ Արի,
որ ամենակալ մեր մեծ արքան ես,
մեր տիեզերքը:
Ամե՜ն: