21:53 , 20 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Մեկ բան պարզ է՝ խորհրդարանում ուժերի դասավորությունը այնպիսին է, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը քաղաքական իմաստով որևէ արդյունք ունենալ չի կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի նախօրեին կայացրած համաձայնությունը` ապրիլի 28-ի ԱԺ նիստում արտահերթ կարգով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը օրակարգ մտցնելու վերաբերյալ:
Տիկին Նաղդալյանի խոսքով` բոլորովին տպավորություն չի գործում, երբ անընդհատ հնչեցվում է չորս ոչ իշխանական ուժերի մասին, քանի որ չորսից երեքի ներկայացուցիչներին իրենց թվաքանակով մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, իսկ չորրորդն էլ` ԲՀԿ-ն, այլընտրանք է և դեռևս չի հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին:
«Արդյունքի հասնելու իմաստով էլ նշեմ, որ ոչինչ էլ չի բխելու սրանից, միայն օդի տատանում է և ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից ելույթների, կուրծք ծեծելու, նյարդային գոռում-գոչյունների հնարավորություն: Չոր մնացորդում՝ ոչինչ չկա և չի մնալու, որովհետև մեկ բան պարզ է և ակնհայտ՝ ՀՀԿ-ի ռեսուրսը խորհրդարանում այնքան մեծ է, որ 4 ուժերն իրար հետ, մի 4-ն էլ կողքից վրադիր, միևնույնն է չունեն այն կրիտիկական զանգվածը, որպեսզի կարողանան հարցը պարզապես խոսակցությունից ռեալության դաշտ բերել:
Կառավարության «լինել չլինելու» որոշման մենաշնորհը ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին է պատկանում»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ոչ իշխանական ուժերը հույսեր ունեն, որ իշխանություններից կարող են «բեկորներ» առանձնանալ և միանալ նրանց, այդպիսով ծրագրվածը հաջողության հասցնելու համար, Հ.Նաղդալյանն ասաց, որ ուժերը իրականում դրա վրա հույս չեն դրել, քանի որ գիտեն, որ դա անհնար է և ուղղակի հասարակության աչքերին են թոզ փչում, մոլորեցնելու ևս մեկ հնարավորություն են փորձարկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ