20:32 , 20 մարտ, 2014
Մի քանի օր առաջ գրառումներիցս մեկով անդրադարձա գլամուր աղջիկներին և նրանց վարքին, և ասեմ, որ շատ ուրախացա, երբ տեսա, որ շատերն են կիսում կարծիքս: Բայց ինչպես նշել էի` գլամուր աղջիկներն ինձ համար անտանելի աղջիկների երկրորդ տիպն են, և խոստացել էի անդրադառնալ առաջին տիպին: Այսօր կկատարեմ խոստումս: Ուրեմն, վերջերս ընկերներիս հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք, թե մեր օրերում ինչու են երիտասարդները ուշ ամուսնանում: Աղջիկների տեսակետին ծանոթ էի` սեր, ազատություն, կարիերա, չկա համապատասխան մարդ և այլն: Իսկ այ տղաների տեսակետը շատ տխրեցնող էր` հիմա աղջիկները ամուսնանալու համար չեն, «տուն տանելու բան չեն», չափից դուրս ազատ են, 20 հոգու հետ ման են գալիս, ընկերներին թաշկինակի պես փոխում են, տղաներին հավասար խմում են ու ծխում, ակումբներից ու փաբերից դուրս չեն գալիս, շահամոլ են, կեղծ, տղայի մեջ միայն նվեր տվող ու թանկարժեք մեքենայով տուն ու սրճարան տանող-բերող են տեսնում...Սկզբում, իհարկե, աղջիկներով հակառակվեցինք, թե չի կարելի ընդհանրացնել, մեկի պատճառով բոլորին «փչացած» անվանել...բայց հոգու խորքում ես էլ, ու երևի բոլորն էլ հասկացան, որ ախր նրանք ճիշտ են: Ինչպե՞ս են այսօր իրենց պահում մեր աղջիկները, ու ի՞նչ կարծիք պետք է կազմեն դա տեսնողները... Քանի որ հիմա բոլորդ էլ գրանցված եք Ֆեյսբուքում, առաջարկում եմ մեր ֆեյսբուքյան «ընկերուհիների» օրինակով էլ քննարկենք: Ի՞նչ ենք մենք տեսնում. աղջիկներ, ովքեր ամիսը մեկի հետ in relationship ստատուս են փոխում, այս ու այն ակումբում կամ մեքենայի մեջ իրար գիրկ ընկած նկարներ դնում, հետո ասես ոչինչ չի եղել, մյուսի հետ, բայց այս անգամ նոր փաբեր են գնում, այնտեղ, որտեղ «նախկինի» հետ չեն եղել, ու նոր նկարներով են մեզ զարմացնում...հետո էլ ամբողջ օրը ներկաների ու նախկինների մասին ստատուսներ են գրում` թող լայքեն նրանք, ում նախկինը այսպես, ում նախկինը այնպես...Դե եկեք ու այս աղջիկներին լուրջ վերաբերվեք ու հավատացեք, որ կարող են մեկին սիրել... Կամ էլ հաճախ հանդիպում ենք հայտարարություն, թե այսինչ փաբում «անվճար գարեջրի» օր է, ու եթե ուշադիր լինեք` քոմենթողներն ու ամենից շատ ոգևորվածները աղջիկներն են: Մի ոգևորություն, մի իրարանցում` «Անուլ չգնա՞նք խմենք, ուխ, ուշքս գնում ա, հեսա սաղ գործերս պրծնեմ, գնանք-խմենք...»: Ու հաջորդ օրը տեսնում ենք «խմելու գնալու» նկարները՝ մի ձեռքում գարեջրի շշերը, մյուսում էլ` ծխախոտը, Անուլի հետ տժժում են... Այո՛, հետամնացներ ջան, նրանք продвинутый են ու ժամանակակից, իսկ դուք հետամնաց եք, քիչ չի գարեջուր չեք խմում, դեռ մի բան էլ չգիտեք, որ տեկիլան կիտրոնով ու աղով են խմում...դե էլ չշարունակեմ փաբերում նրանց պահվածքը, պարած պարերը, հագուկապը, նկարվելու դիրքերը... Աղջիկներ ջան, ու ձեզ թվում է, թե ձեզ փաբ ու ակումբ տանող տղաների համար դուք «ընկե՞ր եք»՝ չնայած, երևի դա էլ մենք հետամնացներով չենք հասկանում... Ու նրանց վարքին ոչնչով չի զիջում նրանց խոսելու ձևն ու բառապաշարը` տղայական լեքսիկոն, հայհոյանքներ, ժարգոնային բառեր: Մեկ-մեկ աղջիկներից այնպիսի բառեր ու արտահայտություններ ես լսում, որ ամոթից չգիտես՝ ականջներդ ոնց փակես...ամեն թեմայից ազատ խոսելը դեռ չի նշանակում ազատ լինել, դա նշանակում է անկիրթ լինել ու չհարգել դիմացինիդ: Մտածում եմ` լավ, այս աղջիկները հայրեր, եղբայրներ կամ ընդհանրապես իրենց կյանքով հետաքրքրվողներ չունե՞ն, չկա՞ մեկը, որ նրանց ուշքի բերի: Ո՞վ է նրանց ասել, որ ժամանանակից լինել նշանակում է լկտի լինել, ազատ լինել նշանակում է գիշերները ակումբներում թրև գալ, ծխել ու խմել, ազատամիտ լինել նշանակում է ամիսը մեկ ընկեր փոխել, սանձարձակ լինել ու հաշվի չառնել ոչ մեկի կարծիքը, թքած ունենալ կողքի մարդկանց, ընտանիքի անդամների ու հասարակության կարծիքի վրա: