18:50 , 20 մարտ, 20141in.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին դատական նիստի ժամանակ «ուռոդ» անվանած՝ տուժող Հայկ Հակոբյանի նկատմամբ դեռևս քրեական գործ չի հարուցվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ փաստաբանը:
«Երեկ չէ առաջին օրը Կոտայքի մարզի դատախազություն ուղարկված բողոքի հիմքով դեռևս քրեական գործ չի հարուցվել: Սակայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով՝ որոշում պետք է կայացվի բողոքն ստանալուց ամենաուշը 10-օրյա ժամկետում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի գործով մարտի 12-ին կայացած դատական նիստում տուժող Հայկ Հակոբյանը Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին դերասանի ուղղությամբ բղավել էր. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»:
Հիշեցնենք նաև, որ քրեական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է հետևյալը. դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որ դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով, պատժվում է տուգանքով, ինչպես նաև նախատեսվում է կալանք՝ 1-2 ամիս ժամկետով: