Հայ մարզիկը Թուրքիայում նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը. ուշու


18:38 , 20 մարտ, 2014

Ուշու. Հայ մարզիկը Թուրքիայում նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումըArmsport.am-ը գրում է.

Մարտի 11-ից 17-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է ուշուի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Համաշխարհային ստուգատեսին մասնակցող երկրների շարքում եղել է նաեւ Հայաստանի հավաքականը, որի կազմում մրցավայր էին մեկնել 8 մարզիկներ: Նրանցից՝ 4-ն ուժերն են չափել Թաոլու մրցաձեւում, սակայն այդպես էլ բարձր արդյունք չեն գրանցել:

Մյուս 4 մարզիկները մեդալների համար պայքարել են Սանդա մրցաձեւում: 48 կգ. քաշային կարգում հավասարը չի ունեցել Սարգիս Սարգսյանը: Արարատի մարզի Արմաշ գյուղը ներկայացնող մարզիկն առաջին մենամարտում հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին, կիսաեզրափակչում առավելության է հասել Եմենի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում հաղթել է հնդիկ մարզիկին` հռչակվելով Աշխարհի չեմպիոն:

Հատկանշական է, որ Թուրքիայի հավաքականն այս առաջնությունում հաղթող չի ունեցել: Փոխարենը Անթալիայի Քեփեզ մարզապալատում հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը եւ բարձրացվել է մեր երկրի պետական դրոշը: