18:56 , 20 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն այսօրվանից՝ մարտի 20-ից սկսած, ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանում, որտեղ կնախապատրաստվի Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Armsport.am-ի հետ զրույցում ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատմեց հավաքականի մոտակա ծրագրերի մասին:
-Այսօր մեկնում ենք Աբովյանում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Մեր տրամադրության տակ այժմ գտնվում են հինգ ծանրամարտիկներ, որոնցից՝ չորսը կմասնակցեն Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Հավաքին կմասնակցեն Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը, Սոնա Պողոսյանը, Մելինե Դալուզյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: Բացառությամբ Սոնա Պողոսյանի, մնացած բոլոր՝ չորս աղջիկները հանդես կգան մայրցամաքի ստուգատեսում:
Սոնան թիմի հետ մարզվելու է՝ ավելի շատ փորձ կուտակելու համար, քանի որ նա ընդամենը 16 տարեկան է և մեծահասակների մրցումներին չի մասնակցի: Մինչդեռ, նա ընդգրկված է լինելու պատանիների Հայաստանի հավաքականի կազմում, որը մասնակցելու է այդ տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը:
Մելինե Դալուզյանի վերաբերյալ նշեմ, որ նա դեռ նոր-նոր է ապաքինվել վնասվածքից: Ինչպես հայտնի է՝ Մելինեն ստացել էր ծնկի և արմունկի վնասվածքներ, որոնցից երկար ժամանակ վերականգնվում էր: Մենք նրան լրացուցիչ ծանրաբեռնվածության չենք ենթարկի և Եվրոպայի առաջնության ժամանակ բարձր կիլոգրամանոց ծանրաձողեր չենք պատվիրի: Մ եր աղջիկները կամաց-կամաց պետք է հունի մեջ մտնեն: Կանայք ծանրամարտում երկար ժամանակ հետո են հասնում իրենց լավագույն մարզավիճակին:
Վերջին տարիների բացթողումներից հետո հարկ չկա նրանց առջև մեծ նպատակներ դնել: Մեր նշակետն ավելի շատ Աշխարհի առաջնությանն է ուղղված,-ամփոփել է Ներսիսյանը: