Սեր, որը երբեք չեմ մոռանա


18:12 , 20 մարտ, 2014

Բարև, իմ անունն Արմեն է, և այս պատմությունն իմ մասին է: 2010 թվականն էր, աշունը նոր էր սկսել, ու ես տարված էի դասերով. այո, այդ ժամանակահատվածում ինձ համար դեռ առաջնայինը դասերն էին, բայց երկրորդ պլանում կար նաև բանակ գնալու հարցը, որ մի կողմից ինձ ուրախացնում էր, որ վերջապես ես չափահաս եմ դառնալու, ու ժամանակն է եկել իմ պարտքը տալու հայրենիքին, բայց մյուս կողմից նաև վախ կար, վախ այն բանից, որ ես հեռու եմ լինելու տնից, իմ հարազատներից, իմ ընկերներից և ամենակարևոր ու ամենահարազատ մարդուց՝ իմ մայրիկից: Սակայն մինչ դեպքերին անդրադառնալը, ես կուզեմ մի քիչ պատմել իմ կյանքի մասին, այն ամենի մասին, ինչ ես ապրել եմ այս 18 տարվա ընթացքում, այն ամենի մասին, որի մասին այս 18 տարվա ընթացքում դեռ առիթ չի եղել խոսելու կամ պատմելու: Ես ծնունդով Սպիտակից եմ, այո, հենց այն Սպիտակից, որտեղ 1988 թվականին տեղի ունեցավ այդ սարսափելի աղետը: Այս պահին ձեզ բոլորիդ հետաքրքրում է, թե արդյո՞ք մեր ընտանիքում զոհեր եղել են: Այո, եղել են, ես կորցրել եմ իմ եղբորը՝ ԱՐՄԵՆԻՆ: Այո, իմ անունը նրա պատվին է դրվել, ու ես հպարտ եմ, որ հիմա նրա անունն եմ կրում: Մեր ընտանիքում շատ զոհեր են եղել, բայց ես միայն դա կնշեմ: Ես ծնվել եմ 1992 թվականին՝ երկրաշարժից գրեթե 4 տարի անց, քաղաքը արդեն որոշ չափով ուշքի էր եկել, ես չեմ հիշում իմ մանկությունից շատ բաներ, նամանավանդ մինչև 5 տարին միայն հիշում եմ, թե ինչպես երկու տարեկանս դեռ չլրացած, հողին հանձնեցի իմ հորը, իմ հպարտությանը, այն մարդուն, ում միշտ ցանկացել եմ նմանվել, քանի որ ես իմ կյանքի ընթացքում դեռ նրա մասին վատ կարծիք չեմ լսել: Լավ, իմ մասին բավական է՝ պատմեմ, հիմա կպատեմ հենց այն, ինչ կատարվեց իմ՝ բանակ գնալուց երկու ամիս առաջ, ու կրտուկ փոխեց իմ կյանքն ու իր հետքը թողեց իմ ճակատագրի վրա: Սովորական աշխատանքային օր էր, և ինչպես միշտ, ես առավոտյան 8.15 բարձրանում էի կանգառ, որպեսզի երթուղայինով գնայի դասի: Ես սովորում եմ Պոլիտեխնիկում, ամեն անգամ այդ ժամին կանգառը լի էր լինում ուսանողներով, սակայն այս անգամ կանգառում կանգնած էր միայն մի աղջիկ, ու կարծես նա էլ միայնությունից զարմացած ու մի տեսակ վախեցած անընդահատ նայում էր ժամացույցին՝ չնայած, որ դեռ շատ ժամանակ կար մինչև դասերի սկսվելը: Նա արտասովոր գեղեցիկ էր, և այդ մռայլ դատարկության մեջ նա նման էր մի լուսավոր կետի, որ դեպի իրեն էր ձգում իմ հայացքը, իմ մտքերը, ու չէր թողնում ուղղակի աչք կտրեի նրանից: Եթե անկեղծ՝ նա ինձնից մի փոքր բարձրահասակ էր, մուգ շագանակագույն աչքերով, փոքր շրթունքներով ու ամբողջ թիկունքին փռված շատ գեղեցիկ մազերով: Սակայն նրա հայացքի մեջ ես սառույց տեսա, երբ նա մի պահ ինձ նայեց, ու երևի թե նկատեց, որ արդեն բավականին ժամանակ է՝ աչք չեմ կտրում նրանից: Ես սովորության համաձայն շատ ուշադրություն չգրավելու համար հայացքս թեքեցի, բայց այդ ակնթարթի ժամանակ ես թեթև ժպիտ նկատեցի նրա երեսին: Կարծես հեգնանքով ասեր՝ եթե չպետք է խոսես՝ ինչո՞ւ ես այդքան երկար նայում, վախկոտ: Ինձ համար այդ վախկոտ լինելու փաստն անտանելի թվաց, ու ես չհասկացա ու մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ոնց իմ մեջ համարձակություն գտա ու մոտեցա նրան. «Կներես, 20 համարն անցե՞լ է»,-հարցրեցի ես: «Դեռ չէ, ես էլ արդեն երկար ժամանակ է սպասում եմ»,-ի զարմանս ինձ՝ շատ սիրալիր պատասխանեց նա...