Բեռլինը կողմ է Ուկրաինա ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկելուն. Մերկել


17:24 , 20 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Գերմանիայի կառավարությունը կողմ է Ուկրաինա դիտորդական առաքելություն ուղարկելուն: Դա ընդգծել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ բունդեստագում կառավարական հայտարարությամբ ելույթ ունենալիս: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Նա այդ հարցի շուրջ անցկացվող բանակցությունները բնութագրել է «ձգձգվող և ծանր»: Նրա կարծիքով՝ դիտորդական առաքելությունը պետք է ձևավորվի հնարավորինս կարճ ժամկետում:

Մերկելն ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը: Նա նաև հանդես է եկել հանրապետությանը տնտեսական և ֆինանսական շուտափույթ օգնություն ցուցաբերելու օգտին՝ հիշեցնելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն համապատասխան բանակցություններ է վարում Կիևի հետ:

Կանցլերը նաև հայտարարել է, որ ռուս և ուկրաինացի քաղաքական գործիչների պատժամիջոցային ցուցակը կընդլայնվի: Լարվածության սրման դեպքում «անկասկած, խոսք կլինի նաև տնտեսական պատժամիջոցների մասին»՝ նախազգուշացրել է Մերկելը:

Նա կրկին Ղրիմի հանրաքվեն անվանել է Ուկրաինայի սահմանադրությանն ու միջազգային իրավունքի չափորոշիչներին չհամապատասխանող: 

Կանցլերի կարծիքով՝ խոսքը սահմանների միակողմանի փոփոխման մասին է: Մերկելը կարծում է, որ միջազգային բոլոր կազմակերպություններում Ռուսաստանը գտնվում է մեկուսացման մեջ: