14:50 , 20 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
2009 թվականի աշխարհի և 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը վերջերս նշանակվել է ծանրամարտի կանանց Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչ: Մասնագետն արդեն իր սաների հետ մասնակցում է Ծաղկաձորում ընթացող ուսումնամարզական հավաքին, որն ուղղված է ապրիլին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստմանը:
Armsport.am-ն այդ կապակցությամբ զրուցեց Նազիկ Ավդալյանի հետ:
-Նազիկ, Դուք օրերս ընդունել եք ծանրամարտի կանանց Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչ աշխատելու հրավերը: Այդ որոշումը Ձեզ ինչպե՞ս տրվեց:
- Ես երկար ժամանակ ցանկանում էի վերադառնալ պրոֆեսիոնալ կարիերայիս, սակայն բժիշկներն ասացին, որ այդ դեպքում կարող են անդառնալի հետևանքներ լինել: Մինչ այս, ինչ առաջարկել էին մարզչական աշխատանք, բայց ես մերժում էի, քանի որ ցանկանում էի վերադառնալ՝ որպես մարզիկ: Այնուամենայնիվ, բժիշկների խորհրդով ես որոշեցի այլևս չշարունակել կարիերաս և սկսեցի մտածել մարզչական աշխատանքի մասին: Ֆեդերացիան նույնպես տեղեկացավ իմ ցանկության մասին և առաջարկեց գլխավորել պատանիների և երիտասարդների հավաքականները:
Ես հենց այդ տարիքային խմբերի հետ էի ուզում աշխատել, քանի որ բավականին կուտակված փորձ ունեմ, որը կարող եմ փոխանցել երիտասարդներին:
-Ցանկանում եք երկար ժամանակով աշխատել երիտասարդների հետ, թե՞ հետագայում, հնարավոր է, գլխավորեք նաև ազգային թիմը։
-Ես այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել: Ամբողջովին կենտրոնացած եմ իմ ներկայիս աշխատանքի վրա և այլ նպատակներ դեռ չունեմ:
-Պատանիների և երիտասարդների հավաքականներն, այս օրերին, ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ինչպե՞ս է ընթանում Եվրոպայի առաջիկա առաջնության նախապատրաստությունը:
-Հավաքն անցնում է բարձր մակարդակով: Ծանրամարտիկները գտնվում են լավ ֆիզիկական վճակում: Եվրոպայի առաջնությունը մեզ համար նույնպես նախապատրաստության պես մի բան է. մեր գերնպատակը պատանեկան օլիմպիադային մասնակցելն է: Սակայն, այդ խաղերում հանդես գալու համար մեզ հարկավոր են Եվրոպայի առաջնությունում խաղարկվող վարկանիշային միավորները:
- Մայրցամաքի ստուգատեսին մասնակցող մարզիկների հարցում արդեն կողմնորոշվել ե՞ք:
- Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակցելու է 7 ծանրամարտիկներով: Մենք առայժմ վերջնական ընտրություն չենք կատարել: Դեռ մոտ մեկ ամիս ժամանակ կա: Այժմ հավաքներում ներգրավված են 9 մարզիկներ, որոնցից՝ երկուսը Լեհաստանում հանդես չեն գա:
- Վերջին տարներին, Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզում նշանակալի հաջողությունների չի հասնում: Պատանեկան և երիտասարդական ընտրանիներում կա՞ն այնպիսի ծանրամարտիկներ, որոնց շնորհիվ Հայաստանի հավաքականը կրկին կարող է հայտնվել համաշխարհային ծանրամարտի առաջատարների շարքում:
- Իհարկե, կան մարզիկներ, ովքեր լուրջ հաջողությունների կարող են հասնել: Նրանցից շատերըն արդեն հիանալի տեխնիկայի են տրապետում: Ֆիզիկապես նույնպես ամուր են: Հականշական է, որ իմ մարզական կարիերայի տարիներին այսքան շնորհալի ծանրամարտիկներ չկային: Բոլոր մրցումներում, հիմնականում, ներկայացված էինք լինում միևնույն՝ 7 հոգանոց թիմով:
Ընդհանարապես, Հայաստանում պատանիներ կան, ովքեր հետագայում կարող են լավ արդյունքներ գրանցել: Այժմ մեր հավաքին մասնակցում են միայն ինը ծանրամարտիկներ, սակայն կան այլ մարզիկներ, ովքեր Ծաղկաձորում չեն՝ վնասվածքների պատճառով: