14:31 , 20 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Հարավային Կովկասում տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրավիճակը կարելի է գնահատել հիմնականում կայուն, սակայն մտահոգիչ և դինամիկ փոփոխություններով, քանզի չկարգավորված հակամարտությունների առկայությունը, դրանցից բխող բացասական հետևանքները, այդ հակամարտությունների հնարավոր ակտիվացումը լուրջ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության համար:
Այսօր Երևանում SPECTRUM Ռազմավարական Վերլուծության Կենտրոնի կազմակերպած «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ նշել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս մասին հաղորդում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:
Նա ընդգծել է, որ վերջին մեկ ու կես տասնամյակի ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն էական առաջընթաց է գրանցել. «Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հետ ՀՀ համագործակցության զարգացումն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ հարաբերությունները կարևոր են նաև կառույցի անդամ շատ երկրների հետ երկկողմ /մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի/ հարաբերությունների զարգացման տեսանկյունից»:
ԱԱԽ քարտուղարը հայտնել է, որ վեց տարի է՝ գործում է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է անձամբ, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման այն մարմինները, որոնց գործունեությունն այս կամ այն կերպ առնչվում է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ