14:08 , 20 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ մարտի 20-ին Բրյուսելում բացվող գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը և ԵՄ-ի տնտեսական խնդիրները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մեր օրակարգի առավել սուր թեման կդառնա Ուկրաինայի իրադրությունը, որի շրջանակներում մենք կքննարկենք ԵՄ-ի ընդհանուր պատասխանը Ղրիմում կայացած հանրաքվեին և իրադարձությունների հետագա զարգացումը: Մենք այն համարում ենք անօրինական, երկրի Սահմանադրությանը և միջազգային իրավունքին հակասող, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքները խախտող»,-գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է ԵՄ-ի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
Գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինային աջակցություն ցույց տալու համատեքստում մարտի 22-ի առավոտյան կկայանա ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը, ինչը նաև ԵՄ-ին թույլ կտա առևտրական արտոնություններ սահմանել Կիևի համար: Փաստաթուղթը կստորագրեն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և ԵՄ-ի բոլոր երկրների ղեկավարները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, ապա սպասվում է, որ գագաթնաժողվի մասնակիցները կքննարկեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների՝ այսպես կոչված «երրորդ բլոկի»՝ այսինքն՝ առևտրական և տնտեսական բնույթի սահմանափակիչ միջոցների սահմանման հնարավորությունը: