ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով հայրենիքում արժանացել է մի շարք մրցանակների ու կոչումների և, թերևս նրա համար ամենակարևորին՝ հանդիսատեսի սիրուն, այնուամենայնիվ, այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում: Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ ԱՄՆ-ում մնալու պատճառների, հայրենիք վերադառնալու պայմանի, նրա՝ Հոլիվուդում հայտնվելու, այժմյան ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
-Արդեն շուրջ չորս տարի է՝ ԱՄՆ - ում եք ապրում և աշխատում. արդեն հարմարվե՞լ եք
տեղի ապրելակերպին, ի՞նչն է ձեզ այդտեղ պահում այս պահին:
-Այո, հարմարվել եմ: Աշխատանքն ու ընկերները շատ մեծ ազդեցություն ունեն իմ այստեղ գտնվելու հանգամանքի վրա:
-Դուք այդտեղ գումար եք վաստակում նախևառաջ երգելով. կարո՞ղ ենք ասել, որ
արտերկրում ձեզ ավելի շատ որպես երգիչ են ճանաչում:
-Երաժշտական շրջանակներում՝ այո՝ նախ ճանաչում են որպես երգիչ, բայց միշտ համերգի ընթացքում բեմից հայտարարվում է դերասան, երգիչ Հովհաննես Բաբախանյանի անունը:

-Ի՞նչը ձեզ երբևէ կստիպի վերադառնալ հայրենիք ու մնալ այստեղ:
-Երբ ես իսկապես զգամ, որ դրսում կարողացել եմ իմ գործով ներկայանալ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում:
