Ֆրանսիայում Հայոց ցեղասպանություն ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնեն


22:03 , 9 հուլիս, 2012

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ, փոխանցում է AFP-ն:

Օլանդն իր մտադրության մասին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինատացնող խորհրդի անդամների հետ հուլիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը մտնում էր սոցիալիստ նախագահի նախընտրական խոստումների մեջ:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ 2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի ազգային ժողով էր ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվել էր, ապա հունվարին հաստատվել Ֆրանսիայի Սենատի կողմից:

Օրենքը, սակայն, «հակասահմանադրական» էր ճանաչվել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:

Սարկոզին խոստացել էր նոր օրինագիծ առաջ քաշել վերընտրվելու դեպքում, սակայն 2012 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում Սարկոզին պարտվել էր Օլանդին, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնպես խոստացել էր նմանատիպ օրենք ընդունել:

Նշեմ, որ ավելի վաղ, ըստ թուրքական աղբյուրների, Օլանդը նշել էր, որ «հնարավոր չի համարում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախկին օրինագծի նույն ճանապարհով ընթանալ»: