13:10 , 20 մարտ, 2014
Hraparak.am-ը գրում է.
Մանվել Սեկտորի Գրիգորյանի մասին կարելի էր գրել շատ վաղուց եւ շատ լուրջ առիթներով. օրինակ, 2000թ., երբ նա դարձավ ԵԿՄ նախագահ, եւ, փաստորեն, ԵԿՄ-ն եղավ նրա գրաված վերջին տարածքը, քանի որ նրա ղեկավարությամբ ԵԿՄ-ն վերածվեց կիսաանեկդոտային, անատամ, իշխանության կցորդ կառույցի, որից աստիճանաբար հեռացան իսկական երկրապահները` տեղները զիջելով ասֆալտի ֆիդայիներին: Հիմա վստահ կարելի է պնդել, որ ցանկացած մեկ ուրիշ երկրապահ նրանից ավելի արժանապատվորեն կղեկավարեր ԵԿՄ-ն, այո, այդ թվում` Ալբերտ Բազեյանը. նրա «դուխը» հերիքում էր` ողջ ԵԿՄ-ով հանդերձ, կանգնել Ռոբերտ Քոչարյանին ընդդիմացած հայ ժողովրդի կողքին: Հազար անգամ կարելի էր գրել 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո եւ հիշեցնել, թե ով ով է: Կարելի էր գրել 2008թ., երբ մի ամբողջ ժողովուրդ Ազատության հրապարակում սպասում էր նրա հայտնությանը, որն այդպես էլ չեղավ: Կարելի էր գրել, երբ նա որոշեց հիմա էլ «գրավել» Ազգային ժողովը եւ գնաց-նստեց զանազան էգ եւ արու առյուծների ու շուշանների կողքին: Վերջիվերջո, նրա մասին կարելի է գրել ամեն անգամ, երբ պատահաբար լրագրողի է հանդիպում եւ իր մտքի «ուշունցախառն» գոհարները շաղ տալիս: Բայց մինչեւ հիմա ինչ էլ որ գրվել է նրա մասին, միշտ հաշվի են առել պատերազմում նրա վաստակը եւ մի քիչ էլ ներողամիտ հումորով վերաբերվել նրա կերպարին: Եվ` շատ իզուր:
Երբ արցախյան չավարտված պատերազմի պայմաններում ժողովրդի դիմադրողականությունը եւ մարտական ոգին բարձր պահելու նպատակով անհրաժեշտ գտան ասպարեզ բերել ժողովրդի ծոցից ելած հերոսի կերպար, եւ ընտրությունը կանգ առավ Մանվել Գրիգորյանի վրա, այդ պահից ի վեր բախտի «հազարան բլբուլը» նստեց նրա ուսին ու էլ չիջավ: Այդպես, երրորդ դասարանի կրթությամբ Մանվելի կենսագրությունն սկսեց զարդարվել. արդեն պատերազմի տարիներին գիտելիքի ծարավ Մանվելն «ընդունվեց» Ստեփանակերտի համալսարան, 1998թ. «ավարտեց» Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Որքան նրա դիպլոմն է իրական, նույնքան էլ` գեներալի կոչումը, որովհետեւ գեներալը ենթադրում է նաեւ անթերի ռազմական կրթություն եւ ինտելեկտ, այլ ոչ թե դիպլոմի «տնազ»: Դիպլոմավոր իրավաբանը ԵԿՄ կայքում ներկայացված է որպես Զորավար, որը նաեւ (մեղա, մեղա) մտքեր ունի, որովհետեւ պատմությունից հայտնի բոլոր զորավարները մտքեր են ունեցել, չէ՞, ասենք, Ալեքսանդր Մակեդոնացին, Սուվորովը, Նապոլեոնը: Այդպիսի հատուկ խորագրի ներքո կարդում ենք.
«Ես հաղթանակին հասել եմ իմ մարտական ընկերների սխրանքների գնով», այսինքն, մեկը չի եղել, ասի` Մանվել ջան, հաղթանակին դու չես հասել, այլ ամբողջ ժողովուրդը, նաեւ` քո սխրանքի գնով:
Հաջորդը. «Հոկտեմբերի 27-ը համայն ժողովրդի վիշտն է: Սա չի նշանակում, որ երկրապահը հրաժարվում է ոճիրի բացահայտման հարցում իր պահանջատիրությունից: Երկրապահը մինչեւ վերջ հետամուտ է լինելու հանցագործության բոլոր շերտերի բացահայտմանը` գործելով բացառապես օրինականության դաշտում: Երկրապահ կամավորականները հակված չեն համազգային մեծ վշտի հաշվին հեղինակություն վաստակել` գոհացնելով այս կամ այն ուժին»: Տեսնես հիմա ո՞ր փուլում է Մանվելի պահանջատիրությունը: «Ամենաերիտասարդ թոշակառուի» եւ «Վերջին բոլշեւիկի» անձնական գործածության գեներալը նաեւ հավատացնում է. «Ես այս ժողովրդի զավակն եմ: Պայքարս եղել է իմ ժողովրդի ազատության համար: Գիտակցում եմ, որ մեր պայքարն ավարտված չէ: Ընդհակառակը, շարունակելու եմ իմ գործը, անելիքներ շատ կան»: Աստված հեռու տանի, որովհետեւ Հայաստանում հազիվ թե գտնվի մարդ, որ այս խոսքերի մեջ սպառնալիք չտեսնի` բոլորը գիտեն, թե Մանվել Սեկտորիչն ինչպես է պայքարում Էջմիածնում, ինչպես է Էջմիածինը «սեկտոր առ սեկտոր» «ազատագրելով» առաջ գնում. քաղաքը նվիրել է տղային` ի տնօրինություն, աղջկան դատավոր է կարգել, տղան «հերոսաբար» ծառայում է բանակում, ճիշտ է` գեներալ հայրիկը հոգացել է, որ բալիկի մատը փուշ չմտնի, եւ ծառայությունն անցնի պաշտպանության նախարարությունում: Վերջինս, ի դեպ, վաղուց վերածվել է օլիգարխների ու պաշտոնյաների բալիկների «այլընտրանքային զորամասի». համ անունը ծառայություն է, համ էլ ով չգիտե՞, որ դա ծառայություն չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ