Ղրիմի հանրաքվեն անցկացվել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ․ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան


13:04 , 20 մարտ, 2014

Ղրիմի հանրաքվեն անցկացվել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ․ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները բոլոր ուղղություններով շատ լավ զարգանում են և դեռ ավելի կլավանան:

Դեսպանն անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երեկվա հեռախոսազրույցին ու ասաց, որ ծանոթ է դրան, սակայն տեսակետ հայտնել չի կարող: Դեսպանը դրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար հոդորեց դիմել նախագահի լրատվական ծառայություն: 

Ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հայտարարությանը, Ուկրաինայի դեսպանն ասաց. «Այն կազմակերպության մեջ մնալու իմաստ, որը որևէ օգուտ չի բերում, չենք տեսնում: Մի կազմակերպություն, որտեղ հավաքվում են թեյ խմելու, այդ կազմակերպությունը ոչ մեկին պետք չէ: Մինչ այսօր ԱՊՀ երկրների նախարարները «շատ զբաղված են եղել» հավաքվելու և Ուկրաինայի հարցը քննարկելու համար»: 

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Ղրիմի հանրաքվեի մասին, արդյոք Ուկրաինան կհամակերպվի՞ դրան, Իվան Կուխտան պատասխանեց․ «Պատկերացրեք, որ դուք ապրում եք Հայաստանում, Հայաստանի քաղաքացի եք, և խախտվում են Ձեր սահմանադրական իրավունքները: Նույնը տեղի է ունեցել Ղրիմի պարագայում: Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ: Այս մասին է վկայում նաև միջազգային հանրությունը, միջազգային բոլոր կազմակերպությունները, բացառությամբ մի քանիսի: Այդ դեպքում, օրինակ, Դուք կհամակերպվե՞իք»:

Դեսպանը ձեռնպահ մնաց գնահատական տալ Հայաստանի իշխանությունների՝ Ուկրաինական իրադարձությունների արձագանքը մեկնաբանելուց և հորդորեց դրա համար դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարի և Հայաստանի նախագահի լրատվական ծառայություն:

Լրագրողները հետաքրքվեցին, որ եթե Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանում, հնարավո՞ր է նույնը անի նաև Հայաստանի դեպքում, ինչին ի պատասխան դեսպանն ասաց․ «Հայաստանի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմ չկա, դա հավանական չեմ համարում»: