Գերտերությունների հիվանդություն` տեսնել այն, ինչ ուզում են, ու չտեսնել ակնհայտը


10:52 , 20 մարտ, 2014

Ես սովորաբար դեպքերի, իրադարձությունների անմիջական ազդեցության տակ կարծիքներ չեմ հայտնում, գրառումներ չեմ կատարում: Առնվազն գոնե մեկ օր պետք է անցնի: Անցնի անմիջական ազդեցությունը, որպեսզի իրավիճակը հնարավոր լինի հանգիստ, օբյեկտիվ, ճիշտ և սառը գնահատել:
Խոսքս Կրեմլի Գեորգիևյան պալատում Վլադիմիր Պուտինի ուղերձի և այդ իրադարձության մասին է:
Տպավորիչ էր, վեհաշուք, հպարտությամբ առլեցուն…Մեծ հիացմունքով էի նայում մասնակիցների հուզված, ուրախ, ոգևորված դեմքերին…Եվ Պուտինն էր այդ զգում…Դահլիճի այդ զգացումը, այդ էներգիան, այդ ոգևորությունը փոխանցվել էր իրեն, և նա վստահ էր կտրուկ իր բնորոշումներում…Նա ինքը ևս վստահ և հպարտ էր, որովհետև ամբողջ ժողովուրդը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը կանգնած էին նրա թիկունքին: Սա այն մամուլի ասուլիսի հուզված, մի քիչ վախվորած, զգուշավոր, կաշկանդված Պուտինը չէր…Տվյալ պահին նա խոսում էր վստահ, ճիշտ, խոսում էր օբյեկտիվ և իրատեսորեն…
Սակայն, այն ինչում մեղադրում էր ԱՄՆ-ին, Արևմուտքին, ես նույն կերպ և նույնատիպ այլ իրավիճակների վերաբերյալ մեղադրում եմ իրենց` ռուսներին, Ռուսաստանին, Պուտինին…Դա մեծ տերությունների, գերտերությունների ընդհանուր և խրոնիկ հիվանդությունն է տեսնել այն, ինչ իրենք են ուզում տեսնել, ու չտեսնել ակնհայտը: Նրանց համար երբ ուզենում են, սևը` սպիտակ է, սպիտակը` սև…
Պարոնայք գերտերությունների ղեկավարներ, կարևորը նման իրավիճակներից դասեր քաղելն է և ազնվության, օբյեկտիվության բարձրագոչ կոչերի հետ միասին դրանք մի փոքր իրականացնելը…