02:29 , 20 մարտ, 2014Այդ տրամաբանությամբ, Ռուսաստանի ուրախությունն էլ բնականաբար դիտվում է Արցախի ուրախություն եւ վերածվում տոնական համերգի Արցախի կենտրոնում: Ներկայում աներեւակայելի է թվում, որ Արցախը ավելի հեռուն գնա ու Ղրիմի հետեւից դիմի Ռուսաստանին միանալու համար: Բայց, եթե արդեն կա Զորի Բալայանի նամակը, եթե արդեն կա Ղրիմի առիթով ստեփանակերտյան համերգը, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ չի կարող լինել նաեւ դիմումը Ռուսաստանին:
Չէ՞ որ ռուսական ցարին գրված բալայանական նամակը Հայաստանում հասարակական սոցցանցային մակարդակից բացի, որեւէ այլ մակարդակով կարծես թե չարժանացավ մերժումի: Հայաստանի խորհրդարանում տեղավորված քանի՞ կուսակցություն օրինակ պաշտոնապես դեմ արտահայտվեց «ցարական խնդրագրերի» մակարդակով այդ գործունեությանը: Կասեն, թե դա Զորի Բալայանի անհատական նախաձեռնությու՞նն էր: Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանը դրանից հետո իր անհատական նախաձեռնությամբ Զորի Բալայանին իր հետ որպես ուղեկից էր վերցրել ճակատային դիրքեր, դրանով փաստացի պաշտոնական հավանության արժանացնելով բալայանական նամակն ու դրա բովանդակությունը:
Արցախի եւ Հայաստանի անկախության համար կռված, այդ անկախության համար պայքարում մարտընկեր կորցրած, հայրենասիրության, անկախության ու ազատության համար պայքարի կենացներ ասող, Հայաստանի բանակում գեներալական կամ այլ կոչումներ ստացած քանի՞ մարդ համարձակվեց Գերագույն գլխավոր հրամանատարին հուշել, որ «ռուսական ցարին» պլանային նամակներ գրող հեղինակին չի կարելի վերցնել ճակատային դիրքեր, որովհետեւ դա շատ անդուր մեսիջ է թե դիրքերը պահող զինվորների ու հրամանատարների համար, թե այդ դիրքերը նվաճելու համար կյանքը զոհած ազատամարտիկների հիշատակի առաջ:
Եթե չգտնվեց այդպիսի գեթ մի գեներալ, գնդապետ, կամ կենացներ ասող երկրապահ, ապա որեւէ զարմանալի բան չի լինի, եթե գտնվի նաեւ Արցախը Ռուսաստանի կազմ ընդգրկելու համար ձեռքը գրիչ վերցնող ու դիմում գրող: Չէ որ այդ հեռանկարի ընդունելիության մասին հայտարարություններ էին անում Սերժ Սարգսյանի կուսակից պատգամավորները, ու ՀՀԿ գործկոմում նրանցից որեւէ մեկը նկատողություն չստացավ Արցախի անկախությանը հասցված բարոյական վնասի համար:
2009 թվականին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավական ծանր անդրադարձ էր ունեցել Հայաստանի տնտեսության համար, կառավարությունը որոշում կայացրեց Զորի Բալայանին հատկացնել մոտ 300 հազար դոլար, որպեսզի նա գնա շուրջերկրյա նավարկության: Հասարակությունն այդ որոշումը խիստ քննադատության ենթարկեց, քանի որ ճգնաժամային տարում ինչ որ մեկի նավարկությունը ֆինանսավորելը մեղմ ասած ճոխություն է: Զորի Բալայանը վերադարձավ նավարկությունից ու գրեց նամակը ռուսական ցարին:
Պետք է ընդունել, որ հասարակությունն այդ հարցում սխալվել էր կառավարության որոշումը քննադատելով: Որովհետեւ ավելի լավ է Զորի Բալայանը նավարկի, թեկուզ պետության հաշվին, թեկուզ 300 հազար դոլարով, քան նամակներ գրի «ռուսաց ցարին», որովհետեւ ինչպես ցույց է տալիս նաեւ Ղրիմի համար Արցախում կազմակերպված համերգը, Զորի Բալայանի նամակներից պետությունն ու հասարակությունը ավելի մեծ կորուստների ու վտանգների առաջ են կանգնում, քան այն փողը, որ վճարում են նրա նավարկության համար: Այնպես որ, կառավարությունը երեւի թե եզակի գործ էր արել, որը բխում էր պետության եւ հասարակության շահից:
Հետեւաբար, պետական շահը պահանջում է մի նոր համաշխարհային նավարկություն, այս անգամ գուցե լավ կլինի մոլորակի շուրջ մի քանի պտույտը: Բայց, այս անգամ ոչ միայն Զորի Բալայանի, այլ բոլոր նրանց մասնակցությամբ, ովքեր լռությամբ կամ ողջույնով ընդունեցին նրա նամակագրությունը «ցարի» հետ, ովքեր ներկայում ձեռնամուխ են եղել պլանային նամակի գործնական իրականացման փուլին: Թող գնան, նավարկեն, գուցե հասկանան, թե ինչ է կատարվում աշխարհում, գուցե պատկերացնեն, թե որն է Հայաստանի ու Արցախի խնդիրը եւ ինչը կապ չունի այդ խնդիրների հետ, ինչն է, որ սպառնալիք է Հայաստանին ու Արցախին:
Իսկ եթե չհասկանան էլ, միեւնույն է, գոնե Հայաստանում ու Արցախում առանց հասկանալու սպառնալիքներ չեն ստեղծի անկախության, անվտանգության ու ապագայի համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ