«Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը». Վարդան Պետրոսյան


23:22 , 19 մարտ, 2014

Hetq.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյան 

«Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…»

Նայեցի «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն. հատուկ դեպքեր»  հաղորդման մարտի  16-ի  թողարկումը: Նայեցի սրտի խորը կսկիծով: Վերապրեցի նորից զոհված տղաների ծնողների անտակ վիշտը: Մտքիցս դեռ դուրս չեն գալիս Էդուարդի մոր խոսքերը, որ վիրահատվող աղջկանից թաքցրել է եղբոր մահը, իրեն ուրախ է պահել, որ աղջիկը ոչինչ չկռահի … ականջիս մեջ հնչում է նաև Էդգարի մոր ձայնը՝  «Աստված պահի քո բալին …»:

 Չեմ ուզում խոսել հաղորդման գեղարվեստական որակի մասին, որն իր «բեմադրությամբ ու դերասաններով» մարդկային ամենածանր ողբերգությունը վերածեց անհաջող սերիալի: Չեմ խոսելու ինձ վաղուց այնքան հասկանալի այդ «հասկանալի միակողմանիության» մասին, որի մասին հեղինակն ասաց հաղորդման վերջում: Ուղղակի հաղորդման ընթացքում անընդհատ արծարծվում էր այն միտքը, թե ինչո՞ւ իմ կողմից չեղան Հակոբյան ընտանիքին մոտեցման փորձեր: Չէ՞ որ փաստաբան վարձելու փոխարեն կարելի էր մարդկայնորեն գնալ, նրանց հանդիպել,  «խնդրել, աղաչել»: Եվ, կարծես, ի պատասխան այդ հարցադրման՝ ֆիլմի վերջում որպես արդարացում գրվեց, որ ֆիլմի ցուցադրումից տասը օր առաջ ես զանգել և ցավակցել եմ Հակոբյաններին և իմ օգնությունն առաջարկել վիրահատված աղջկան:

Ո՞րն էր ֆիլմի գլխավոր նպատակը: Ցույց տալ Հակոբյան ընտանիքների վշտի իրական չա՞փը… չէր հաջողվել: Ցույց տալ, որ ես ցավակցելու, մարդկային մոտեցման փոխարեն փաստաբա՞ն եմ վարձել, սու՛տ է: Չէ՞ որ ողբերգության առաջին իսկ օրերից, երբ ես դեռ անգիտակից պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, իմ ընտանիքն ու ընկերները հանդիպել են Հակոբյան ընտանիքի անդամների հետ: Դեռ այսօր էլ շարունակում են հանդիպել: Ես ուզում եմ մեկ առ մեկ թվել այդ հանդիպումները:

 

Այս մասին Հակոբյանները հրաշալի գիտեին և լռեցին…Իսկ հիվանդանոցից հետո, ես ընդամենը մեկ օր եմ եղել «ազատության մեջ», շտապօգնության բժիշկների հսկողության տակ: Հաջորդ օրը ձերբակալություն, նորից հիվանդանոց և հակառակ բժիշկների թույլտվության՝ դատարան, որտեղից էլ պատգարակի վրա անգիտակից՝ կալանավայր…

…Ես հինգ ամիս շարունակ լռել եմ՝ շատերին զարմանք պատճառելով, չեմ խոսել (բացառությամբ  մեկ հարցազրույցի), որովհետև Հակոբյանների վիշտն ավելի բարձր եմ դասել և դասում այն ամենից, ինչ կատարվել է ինձ հետ: Այո՛, ամեն ինչից բարձր:

Բայց դատարանում բոլոր հարցերի պատասխանները տրվելու են. թե ինչո՞ւ մեր ձեռնարկած հաշտության քայլերը ոչնչի չբերեցին, թե ինչո՞ւ ես փաստաբան վարձեցի, ինչո՞ւ ես Ֆրանսիայից փաստաբաններ եմ հրավիրել, և ինչո՞ւ առանց նրանց հրաժարվել եմ դատական նիստից: Եվ պարզ կդառնա, որ դա ո՛չ վախ է, ո՛չ էլ շոու: Բառ, որ այնքան սիրում է գործածել Հակոբյանների փաստաբան՝ Ռ. Բալոյանը: Իսկ ինձ համար շոուն այն էր, որ նա՝ փաստաբան Ռ. Բալոյանը նախապես տեղեկացած լինելով և քաջ իմանալով, որ առաջին դատը հետաձգվելու է (օրենքը պարտադրում է դատը հետաձգել, եթե մեղադրյալի փաստաբանը ներկա չէ), դեռևս ապաքինվող Տաթևիկին տասը րոպեի համար բերել էր դատարան ի ցույց բոլորի՝ թե տեսեք, տեսեք… ի՜ նչ անբարո է դատի այս հետաձգումը: Սա՛ էր ինձ համար շոուն: Երբ մարդու հիվանդությունն ու ողբերգությունը շահագործվում են…

Իսկ քույրս, դատից հետո, այնուամենայնիվ, մոտեցել և ջերմորեն զրուցել է  Տաթևիկի մոր՝  Նաիրայի հետ, ևս մեկ անգամ առաջարկել բժշկական օգնություն երեխային՝ ասելով՝ անկախ այն բանից, թե այս դատավարությունն ինչ ավարտ կունենա, մենք պատրաստ ենք և ուզում ենք օգնել Տաթևիկին:  

Վերջաբան 

Ի՞նչը ստիպեց գրել ինձ այս ամենը: Հինգ ամիս լռել էի և էլի կարող էի լռել…

Նախ ուզում եմ, որ փարատվի հաղորդման ստեղծած այն թյուր տպավորությունը, թե իմ կողմից մոտեցման ու հաշտության ոչ մի քայլ չի արվել: Եվ երկրորդ՝ իմ փաստաբանների «առատությունը»  ուղղված է ոչ թե Հակոբյանների ընտանիքների դեմ, այլ արդյունքն է դատաքննչական մարմինների՝ իմ դեմ կիրառած անօրինական գործողությունների և ուղղված է պաշտպանելու ինձ: Ես ոչ մի թշնամանք չեմ տածում ոչ մեկի հանդեպ և Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը: