19:38 , 19 մարտ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Տարբեր մասնագիտության տեր երիտասարդներ նամակներ են ուղարկել կառավարություն` մտահոգություն հայտնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխման վերաբերյալ: Երիտասարդների մեջ են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները` այս դեպքում «Դեմ ԵՄ» նախաձեռնության խմբի անդամները: Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ իրենք պատրաստ են երկխոսության երիտասարդների հետ` միևնույն ժամանակ անընդունելի համարեց` ամեն ինչ, կամ ոչինչ, դիրքորոշումը:
Տիգրան Սարգսյանը համարում է, որ երկխոսությունը խիստ կարևոր է Հայաստանի ապագայի համար: Շատ կարևոր է նաև, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից:
«Դեմ ԵՄ» նախաձեռնության պատասխան հայտարարությունը չուշացավ: Խմբի անդամները նշել են, որ կարևորում և արժևորում են երկխոսության գնալը:
Ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, «Դեմ ԵՄ»-ը հայտարարել է, որ իրենց պայքարը շարունակվելու է այնքան, մինչև օրենքից վերացվի պարտադիր բաղադրիչը` անկախ նրանից` դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա:
«Դեմ ԵՄ»-ի անդամները սպասում են հստակ հաղորդագրության այն մասին, որ կլինի պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ` առանց պարտադիր բաղադրիչի:
«Դեմ ԵՄ»-ի անդամները նշել են, որ պատրաստ կլինեն գնալ երկխոսության եւ հանրությունը պետք է այդ քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի: Այս պահին, ըստ «Դեմ ԵՄ»-ի հաղորդագրության, իրենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունեն: Կլինե՞ն էլի նոր նախապայմաններ թե՞ ոչ` «Դեմ ԵՄ»-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ առաջիկա քննարկումները ցույց կտան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ