11:45 , 19 մարտ, 2014
«Ժամանակակից նկարիչները» շարքից այսօր կանդրադառնանք մեր հայրենակից Տարոն Մուրադյանին: Տարոնը ծնվել է 1961թ.-ին՝ Երևանում: 1978-1982թթ. սովորել է Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջում, 1984-1990թթ. սովորել Երևանի արվեստի պետական ակադեմիայում: 2001թ.-ից Մուրադյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2007թ.-ին «Տարոն Մուրադյանի արվեստը» խորագրով Նիդերլանդներում գիրք է հրապարակվել:
Մուրադյանի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր պատկերասրահներում՝ այդ թվում Ստամբուլում, Փարիզում, Նյու Յորքում և այլն: Հարցազրույցում այն հարցին, թե որն է նրա աշխատանքների առաջնահերթ թեման, նա պատասխանել է. «Առաջին հերթին ցանկանում եմ պատկերել հեքիաթային մի աշխարհ, որն իրական կյանքում գոյություն չունի»: Նկարիչը նաև անկեղծացել է, որ իր ստեղծագործություններոում փիլիսոփայություն չկա, և որ նա ուղղակի ստեղծագործում է այն, ինչ զգում է, ու իր նկարներով կամ դրանց անվանումներով չի ցանկանում պարտադրել դիտողին հանգել ինչ-որ եզրակացությունների: Այլ ցանկանում է, որ իր աշխատանքները մարդկանց ուղղակի ոգեշնչեն երևակայել: