12:30 , 19 մարտ, 2014Երիտասարդ լուսանկարիչ Բեն Զենկի լուսանկարների շարքում արտացոլված են մարդկային տարբեր էմոցիաներ: Հատկապես հայտնի է նրա ինքնանկարների շարքը: Նյույորքցի այս լուսանկարիչը լուսանկարչությամբ սկսել է լրջորեն զբաղվել 18 տարեկանում: Նրա մասին ավելին իմանալու համար կարող եք ընթերցել նրա հարցազրույցներից մեկը, որը ներկայացված է ստորև:
- Լուսանկարչությունից բացի որևէ սիրած զբաղմունք ունե՞ք:
- Ես սիրում եմ ամռանը հեծանվով երկար ճանապարհ կտրել-անցնել: Երբ հոգնում եմ, որոշ ժամանակ կանգ եմ առնում, սենդվիչ գնում ու ճաշակում այն ինչ-որ զբոսայգում: Հետո վերադառնում եմ տուն: Հեծանվային զբոսանքն ինձ օգնում է նոր գաղափարներ հղանալ:
- Ինչպե՞ս մուտք գործեցիք լուսանկարչության աշխարհ և ինչպե՞ս սկսեցիք ինքնանկարներ նկարել:
- Մի օր ես տատիկիս ձեղնահարկում մի հին տեսախցիկ գտա ու տարվեցի դրանով, սակայն ես շատ ավելի ուշ սկսեցի ինքնանկարներ նկարել: Հարցն այն չէր, որ ես ցանկանում էի լուսանկարել ինքս ինձ: Պարզապես չկար այնպիսի մեկը, ում կարող էի լուսանկարել և ուզածս խելահեղ փորձարկումները կատարել այդ լուսանկարների հետ:
- Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր ֆոտոսեսիաները:
- Ես հազվադեպ եմ որևէ բան պլանավորում: Ես ամենից շատ սիրում եմ ինքնաբուխ լինել լուսանկարչության մեջ:
- Հակիրճ պատմեք այն նախագծերի մասին, որոնք իրականացրել եք մինչ օրս:
- Ես իրականացրել եմ «365» նախագիծը, որն էականորեն փոխել է իմ կյանքը: Չեմ կարծում, որ հիմա հասած կլինեի այս ամենին, եթե ժամանակին ձեռնամուխ չլինեի այդ նախագծի իրականացմանը:
- Ի՞նչ եք երազում և ի՞նչ նպատակներ ունեք:
- Ես պարզապես երազում եմ երջանիկ լինել և անել սրտիս ուզածը:
- Ինքնանկար նկարելու ի՞նչ կանոններ կան, որոնցով առաջնորդվում եք:
- Ինքնանկար ստեղծելու ճիշտ ու սխալ ձև չկա: Դու ինքդ ես լուսանկարիչը, մոդելը, ոճաբանը: Մի խոսքով, ամեն ինչ քեզնից է կախված: Միակ սահմանափակումը քո գլխում է:
- Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ սկսնակ լուսանկարիչներին:
- Որպես երիտասարդ լուսանկարիչ՝ հաջողության հասնելու հարցում ես կարևորում եմ համառության և նպատակասլացության դերը: Պարզապես պետք է տքնաջանորեն աշխատել, այդ դեպքում Ձեր նպատակներն անպայման կիրականանան: