«Հայկական ժամանակ». Առաջիկայում Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների «դիզայնը» արմատապես փոխվելու է


08:42 , 19 մարտ, 2014

«Առաջիկայում Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների «դիզայնը» արմատապես փոխվելու է։ Կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում ոստիկանությունը ներկայացնելու է պետհամարանիշների նոր ձևերը։ Ոստիկանությունը այս քայլը հիմնավորել է նրանով, որ պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են, և հատկապես տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս։ Որպես օրինակ բերվում է «O», «Q» «C» «D» տառերի նմանությունը։

Դրանից բացի, ոստիկանությունը փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ պետհամարանիշների վրա պետք է պատկերվի ՀՀ դրոշը։

Առայժմ դժվար է ասել, թե որն է պետհամարանիշներն այսպես արմատապես փոխելու իրական պատճառը։ Նկատենք, որ արդեն գործածվող համարանիշները չեն փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ նոր համարանիշ վերցնելու կարիք չառաջանա։ Նաև չի փոխվում պետհամարանիշներ վերցնելու համար նախատեսված վճարումների չափը։ Համենայնդեպս, ոստիկանության ներկայացրած որոշման մեջ այդ մասին խոսք չկա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։