10 խորհրդավոր առարկա, որոնք այլմոլորակային ծագում ունեն (մաս 2)


18:56 , 18 մարտ, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Ռուսական ՉԹՕ-յի ատամնաձև անիվը 

10

Վլադիվոստոկում մի ռուս տղամարդ տարօրինակ օբյեկտ էր հայտնաբերել: Այդ օբյեկտը ատամնաձև անիվ էր հիշեցնում: Այն դրված էր ածուխի կտորի մեջ, որը տղամարդն օգտագործում էր կրակ վառելու համար:  Թեպետ Ռուսաստանում հաճախ են հանդիպում հին մեքենաների դեն նետված մասեր, ռուս տղամարդու հետաքրքրասիրությունը շարժվեց, և նա իր գտածոն ցույց տվեց գիտնականներին: Հետազոտությունը ցույց տվեց, որ ատամնաձև առարկան ամբողջովին ալյումինից էր, և գրեթե կասկած չկար, որ այն արհեստականորեն էր պատրաստվել:  

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այն 300 միլիոն տարվա պատմություն ուներ: Սա որոշ հետաքրքիր հարցերի տեղիք տվեց, քանի որ այսպիսի ձև ունեցող ալյումինը չէր կարող բնականոն կերպով գոյանալ, իսկ մարդիկ մինչև 1825 թ. չգիտեին՝ ինչպես կարելի է ալյումին ստեղծել: Հետաքրքրական է, որ այս օբյեկտը նման է այն դետալներին, որոնք օգտագործվում են մանրադիտակների և տեխնիկական այլ սարքերի մեջ: Թեպետ շատերը շտապեցին այդ ատամնաձև օբյեկտը այլմոլորակայինների տիեզերանավի մաս որակել, գիտնականները դեռևս չեն հրապարակում իրենց վերջնական եզրակացությունը: Նրանք ցանկանում են ևս մի քանի հետազոտություն իրականացնել՝ այս խորհրդավոր օբյեկտի մասին  ավելի շատ տեղեկություններ ձեռք բերելու համար:

 4  Մողես-մարդիկ

6

Իրաքում գտնվող Ալ Օբեյդ հնագիտական վայրը հնագետների և պատմաբանների համար ոսկու հանք է: Այստեղից հայտնաբերվել են նախաշումերական ժամանակաշրջանի (հայտնի նաև որպես Օբեյդի ժամանակաշրջան՝ մ.թ.ա. 5900–4000) մի շարք օբյեկտներ: Այնուամենայնիվ, այս օբյեկտներից մի քանիսը բավականին տարօրինակ և սարսափազդու տեսք ունեն: Օբեյդի արձաններից շատերը պատկերում են մողեսակերպ հումանոիդ ֆիգուրների: Այդ արձաններն այնպիսի դիրքերով են, որոնք հուշում են այն մասին, որ նրանք աստվածներ չէին, այլ մողես-մարդկանց ռասայի ներկայացուցիչներ:  

Անշուշտ, այս արձանների մասին իմանալով՝ շատերը տարբեր տեսություններ են մշակել: Որոշ մարդիկ նշում են, որ այդ արձանները քանդակվել են ի պատիվ սողուն այլմոլորակայինների, որոնք ժամանակին շրջել են աշխարհով մեկ, ոմանք էլ պնդում են, որ նրանք մինչ օրս էլ շրջում են աշխարհի վրա: Այսպիսի տեսություններն անհավանական են թվում, սակայն փաստն այն է, որ դեռևս բացահայտված չէ, թե ինչ է թաքնված այս խորհրդավոր արձանների տակ:    

 3  «Հաղորդության փառաբանություն»

3

Պատմության ամենախորհրդավոր խորանային նկարներից մեկը պատկանում է Վենտուրա Սալիմբենի անունով մի իտալացի նկարչի վրձնին: «Հաղորդության վեճը»՝ հայտնի նաև «Հաղորդության փառաբանություն» անվանմամբ, 16-րդ դարի գեղանկար է, որը բաղկացած է երեք մասից: Գեղանկարի ներքևի երկու մասերը հարաբերականորեն նորմալ տեսք ունեն: Դրանցում պատկերված են մի շարք կրոնավորներ և մի խորան: Գեղանկարի վերևի մասում պատկերված է Սուրբ Երրորդությունը (Հայրը, Որդին և Սուրբ Հոգուն խորհրդանշող մի աղավնի): Նրանց ձեռքին ասես Երկրի արհեստական արբանյակ լինի, որն աչքի է ընկնում մետաղական եզրով, աստղադիտակի ալեհավաքներով և տարօրինակ լույսերով: Դա մի մեծ ու գնդաձև օբյեկտ է: Այն շատ նման է «Սպուտնիկ» արբանյակին:

Բազմաթիվ տեսաբաններ առաջ են քաշել այն տեսակետը, որ այս գեղանկարը վկայում է այլմոլորակային կյանքի գոյության կամ ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորության մասին: Այնուամենայնիվ, փորձագետները հերքել են այդ տեսակետը: 

 2  Մեքսիկայի կառավարության մայական արտեֆակտները

2

2012 թ.-ին Մեքսիկայի կառավարությունը հրապարակեց մի շարք մայական արտեֆակտներ, որոնք կառավարության անդամները 80 տարի շարունակ թաքցնում էին իբրև պետական գաղտնիք: Այս օբյեկտները գտնվել էին չհետազոտված մի բուրգից: Ժամանակին այստեղ էր գտնվում մայաների ամենահզոր քաղաքներից մեկը: Այս գտածոներից շատերը ցուցադրվել են մի վավերագրական կինոնկարում, որի հեղինակներն են Ռաուլ Ջուլիա-Լևին (հայտնի դերասան Ռաուլ Ջուլիայի որդին)  և  ֆինանսիստ Էլիզաբեթ Թիերիոթը  (San Francisco Chronicle-ի հրատարակչի նախկին կինը):

Առաջին հայացքից սա ապշեցուցիչ դեպք է թվում, սակայն մի փոքր ավելի մանրազնին ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այստեղ մի բան այն չէ: Պարզվում է, որ Ջուլիա-Լևին բնավ էլ այն մարդը չէ, ում անվամբ ներկայանում է: Ռաուլ Ջուլիայի այրին հրապարակայնորեն դրամաշորթ է անվանել Սալվադոր Ալբա Ֆուենտես անունով մի մարդու:  Ըստ նրա՝ Սալվադորը փորձում է յուրացնել իր հանգուցյալ ամուսնու հռչակը և ամենուրեք ներկայում է իբրև Ռաուլ Ջուլիա-Լևի: Թիերիոթը արգելել է վավերագրական կինոնկարի արտադրումը և դատի տվել իր գործընկերոջը՝ մեղադրելով Ջուլիա-Լևիի անվան տակ հանդես եկող ինքնակոչին իր վավերագրական կինոնկարը գողանալու և նկարահանման տեխնիկան ապօրինաբար օգտագործելու մեջ: Դեռ ավելին, չկա ոչ մի վկայություն, որով կհաստատվեր, որ գտնված արտեֆակտները պատկանել են մայաներին, իսկ արտեֆակտների այն նկարները, որոնք տեղադրվել են ինտերնետում, համոզիչ ապացույց չեն կարող համարվել: Հնարավոր է, որ այդ արտեֆակտները ստեղծվել են ինչ-որ արհեստագործի կողմից, և երբևէ չեն պատկանել մայաներին: 

 1  Բեթզերի գտածոն

1

Երբ Բեթզերի ընտանիքն ուսումնասիրում էր, թե որքան վնաս էր պատճառել իրենց անտառային հողակտորի 88 հեկտարի վրա տարածված հրդեհը, նրանք մի տարօրինակ բացահայտում արեցին: Հրդեհի վայրում հայտնաբերվեց արծաթավուն մի տարօրինակ օբյեկտ: Սկզբում նրանք կարծեցին, որ դա կարող էր NASA-յի սարքավորումներից կամ Խորհրդային Միության լրտեսներից մեկի արբանյակը լինել, սակայն վերջում եզրակացրին, որ դա, ամենայն հավանականությամբ, պարզապես ինչ-որ հուշանվեր է: Պահի տակ նրանք որոշեցին այն վերցնել իրենց հետ

Երկու շաբաթ անց ընտանիքի որդին կիթառ էր նվագում, երբ հանկարծ այդ գնդաձև օբյեկտից տրոփյունի ձայներ սկսեցին հնչել: Այդ ձայները վախեցնում էին ընտանիքի շանը: Պարզվեց, որ դա շատ տարօրինակ գունդ էր: Երբ այն գլորում էին գետնի վրա, այն հակառակ ուղղությամբ էր շրջվում և վերադառնում այն մարդու մոտ, ով գլորել էր այն: Այն ասես արևի էներգիայով էր սնվում և պայծառ օրերին ավելի ակտիվ էր լինում: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում՝ ասես ինչ-որ ուժ էր կառավարում այդ գունդը: Այդ գունդը հակասում էր ձգողականության օրենքներին և չէր ընկնում ներքև անգամ այն դեպքում, երբ անկումն անխուսափելի էր թվում:   

Ողջ մամուլը հեղեղվեց այս խորհրդավոր գնդի մասին տարբեր հրապարակումներով: Բենթզերի մոտ ուղարկվեցին այնպիսի հեղինակավոր ամսագրերի թղթակիցներ, ինչպիսիք են New York Times-ը և London Daily-ն: Անգամ գիտնականներն էին ապշած, թեպետ Բենթզերի ընտանիքը թույլ չէր տալիս նրանց մանրակրկիտ հետազոտության ենթարկել իրենց գտած գունդը: Սկզբում բոլորին թվում էր, թե դա հրաշք է, սակայն որոշ ժամանակ անց գունդը պոլտերգեյստի ազդեցություն էր գործում: Բենթզերի տան դռները սկսեցին շրխկոցով բացվել ու փակվել: Հանկարծ տան մեջ սկսում էր երգեհոնի երաժշտություն հնչել: Այդ ժամանակ Բենթզերի ընտանիքի բոլոր անդամները ցանկացան պարզել, թե ինչ կախարդական ուժ էր ամփոփված այդ խորհրդավոր գնդի մեջ: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ դա սովորական գունդ էր՝ պատրաստված չժանգոտվող մետաղից:  

Մինչ օրս էլ հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե այդ խորհրդավոր գունդն իրականում ինչ էր: Մի շարք տեսություններ են առաջ քաշվել: Ամենահավանական տեսության համաձայն՝ այս պատմության մեջ մեծ դեր են խաղացել զուգադիպությունները: Բեթզերի ընտանիքի՝ գնդի հայտնագործումից երեք տարի առաջ Ջեյմս Դարլինգ-Ջոնս անունով մի մարդ մեքենայով անցում էր այն վայրով, որտեղ հայտնաբերվել է արծաթավուն գունդը: Ավտոմեքենայի վրայի՝ ուղեբեռի համար նախատեսված մասում Ջեյմսը տեղադրել էր մի շարք մետաղական իրեր, որոնք նա պատրաստվում էր օգտագործել իր քանդակներից մեկի ստեղծման համար: Ավտոմեքենան մեծ արագությամբ էր ընթանում դարուփոսերի վրայով: Հենց այդ պատճառով էլ մետաղական իրերից մի քանիսը ցած ընկան: Այդ մետաղական իրերը ճիշտ և ճիշտ նման էին Բեթզերի ընտանիքի գտած գնդակին: Նրանք հավանաբար հենց Ջոնսի մետաղական իրերից մեկն էին գտել: Անշուշտ, սա բոլոր հարցերի պատասխանները չի տալիս, սակայն սրանից ավելի արժանահավատ տեսություն դեռևս չի մշակվել: