Մարդուն Ճանապարհում են մեծ մրցույթ ու ետևից ինչ ասես, գրում


06:25 , 18 մարտ, 2014

Hraparak.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2014»- ի մասին որոշել էի լռել: Բայց ծանոթանալով մամուլի արձագանքերին ու սոցիալական ցանցերի գրառումներին, որոշեցի մի երկու խոսք էլ ես ասեմ: Ինձ մի բան է զարմացնում. մարդուն ճանապարհում են մեծ մրցույթ ու ետևից ինչ ասես, գրում:  Այդ մարդը չի՞ կարդում…

Հայկական գեղեցիկ ավանդույթ է, երբ մարդուն մի տեղ են ճանապարհում, ասում են՝ բարի ճանապարհ: Առավել ևս, երբ մարդը գնում է, որ քո երկիրը ներկայացնի / կապ չունի, թե  ով է այդ մարդը/, մնում է կամ ոգևորել, կամ լռել: Ինչպե՞ս կարող է մրցույթի դուրս եկածը հաղթել, երբ պայքարի դուրս գալուց առաջ  ջլատում, թուլացնում են: Ու հետն էլ տասնյակ, հարյուրավոր վիրավորական գրառումներ  կատարում: Ինձ հատկապես ապշեցրեց քաղաքական մի գործչի գրառում. «Այս տարի էլ Հայաստանը մխտռեց Եվրատեսիլը…»: Բոլոր կայքերը սուրբ մասունքի նման տարածում են այդ բառերը: Գուցե հասկանայի, երբ խոսքը վերաբերվեր միայն բուն երգին, բայց ինչպե՞ս հասկանալ, երբ անձին, երգը թողած, Հայաստանին են կտրուկ անցնում: Ստացվում է, որ ամեն տարի Հայաստանը մխտռել է Եվրատեսիլը: Այդ դեպքում չեմ հասկանում՝ ինչպե՞ս են կարողացել ապահովել այդքան փոքր երկրի ամենտարյա մասնակցությունը: Մի՞թե դա ոչինչ չի ասում: Ով-ով, բայց քաղաքական գործիչը գոնե գիտե, որ երգն ու երկիրը այդքան բուռն քննադատելուց զատ, կարելի է մի երկու խոսք էլ ասել հենց բուն Եվրոպայի, Եվրատեսիլի քաղաքականության մասին: Ե՞րգն է հաղթում, երգի՞չը, թե՞ քաղաքականությունը: Հայաստանին կարելի կպնել, իսկ Եվրոպային, Աստված կսիրեք, չի՜ կարելի, Եվրոպան անթերի է:  Ա՜յ երբ մի փոքրիկ կսմթում են իր կուսակցությանը, նա սուր է վերցնում և նետվում կռվի մեջ, բայց դե Հայաստանին կարելի է անգամ մխտռող համարել, դա ոչինչ, Հայաստանը հո Եվրոպան կամ իր կուսակցությու՞նը չի…

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ