Ես գնում եմ լուսնի փոշին մաքրելու…


04:37 , 18 մարտ, 2014

Ետ եմ ուզում գնալ…դեպի մանկություն…Այն ժամանակ ես շատ երջանիկ էի, քանի-որ կարողանում էի մեր շենքի աստիճաններից թռնել ներքև: Սկզբից միանգամից երկուսից, հետո` երեքից, թեկուզ հինգին այդպես էլ չհասա, ոչինչ: Հետո ես սովորեցի ինքնուրույն զանգել հեռախոսով: Վա՜յ, հետս խոսել չէր լինում: Բա դրանից երջանիկ պահ կա՞: Իհարկե կա:

Դպրոց գնալուն պես, հենց առաջին օրվանից գրոհեցի մեջտեղի շարքի առաջին նստարանը ու կարծում էի, թե դրանով իմ «ես»-ն այնքան է ուժեղանում, որ երջանկությունը հենց սա է, որ կա: Հետո մի քիչ մեծացա ու ցավով հասկացա, որ չէէէ, երջանկությունը դրա մեջ էլ չէ: Երջանկությունը այն է, երբ դասամիջոցին դասատուն դուրս է գալիս դասարանից ու բացի քեզնից ոչ մեկ չի համարձակվում մոտենալ նրա աթոռին: Ահա որն է իսկական երջանկությունը: Բայց դա էլ անցավ: Ես գնալով դադարում էի երջանկանալ, իսկ մտքիս բյուրեղներն ամեն անգամ նոր փորձություն էին պատրաստում իմ համար`ամեն անգամ ավելի դժվար…Մեծարգո սերն էլ այցելեց: Երջանիկ էի, ինչ խոսք….Դժբախտ էի, ինչևէ…Սկսեցի շոկոլադ ուտելուց ինձ երջանիկ զգալ…Չէ՞ որ դա այնքան հեշտ է: Անվանում ես շոկոլադին` երջանկություն, և ցանկացած խանութից գնում այն: Դուք պետք է խանութի վաճառողուհու դեմքը տեսնեիք,երբ խնդրեցի ինձ երկու հատ երջանկություն տալ, և որ փաթեթի մեջ դնել հարկավոր չէ, միևնույն է, ճանապարհին ուտելու եմ:
Ես հասկացել եմ մի բան: Մարդիկ երջանկություն են փնտրում այն ժամանակ, երբ ամենաշատը դրա կարիքն ունեն, իսկ երբ այն կա` հաճախ չեն նկատում: Ես չեմ պատկանում այդ մարդկանց դասին: Գնահատել եմ միշտ երջանկության ամեն մի վայրկյանը, ու, ի դեպ, հետաքրքիր թեորիա եմ մշակել. երբ մի բանից ահավոր շատ եմ տխրում, միանգամից պատկերացնում եմ, որ ավտովթարի եմ ենթարկվել և զրկվել եմ քայլելու կամ տեսնելու կարողությունից, մի խոսքով, դարձել եմ հաշմանդամ: Ու մտածում եմ. արդյո՞ք այդ ժամանակ էլ տանջող խնդիրն այսքան ցավոտ կլիներ ինձ համար…Ու, հավատացեք, ոչ մի անգամ խնդիրը չի հաղթել իմ պատկերացմանը…

Հիմա էլ չեմ տխրում: Ուղղակի կուզենայի, շատ կուզենայի ետ գնալ մի պահ` դեպի մանկություն, երբ արցունքներս միանգամից ժպիտ էին դառնում` հերթական կոնֆետը ստանալուն պես…Հիմար երեխա եմ եղել` միամիտ…Շատ հեշտ են համոզել ամեն ինչ…

Այդքան բան չի փոխվել իմ մեջ, բայց մեծացել եմ ու երևի բոլորից մի փոքր ավելի ծանր եմ տանում ամեն ինչ: Ոնց ժողովուրդն է ասում. «Փափուկ սիրտ ունեմ…»: Հա, ու իմ մանկության տարիներին լուսինն այլ կերպ էր լուսավորում…լուսինը ԴԵՄՔ ուներ և մինչև հիմա ինձ ոչ ոք չի կարողացել հակառակն ապացուցել :)  Հիմա լուսինն ուղղակի մի քիչ փոշոտվել է…

Ես գնում եմ լուսնի փոշին մաքրելու…