16:35 , 17 մարտ, 2014
Ուկրաինայում այսօր մասնակի զորահավաք է հայտարարված, որի նպատակն է լրացնել նորակազմ Ազգային գվարդիայի շարքերը: Բացի դրանից, այսօր Ռադան գրեթե միաձայն քվեարկել է Զինված Ուժերի բյուջեի փոփոխության մասին օրինագծի օգտին:
Հասկանալի է, որ սա հենց այնպես չի արվում, ու Ուկրաինայում իշխանությունների ինչ-որ քաոսիկ շարժ է նկատվում: Որոշ որոշումներ զարմանք ու տարակուսանք են առաջացնում անգամ հասարակ ուկրաինացիների մոտ, ովքեր բնավ էլ խանդավառությամբ չեն լցված Ղրիմի հանրաքվե-անեքսիայի հարցի նկատմամբ: Մասնավորապես, բոլորն ապշած են սահմանի վրա դրսևորվող գեստապոյական մոտեցումով, երբ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի ու ոչ ԵՄ-ական երկրների քաղաքացիներին բավականին անհիմն հարցաքննության ու դեպորտացիայի են ենթարկում: Մասնավորապես հնչում է այն կարծիքը, որ եթե գիտենք, որ ռուսները սադրիչներ են ուղարկում, ապա եկեք հենց ՌԴ քաղաքացիներով էլ գոնե սահմանափակվենք. ի՞նչ իմաստ ունի հայերի, ճապոնացիների ու, ասենք, ուզբեկների համար սահմանային խնդիրներ ստեղծել:
Մյուս կողմից, աչք է զարնում հանրության ֆրուստրացիան. ու դա հասկանալի է, որովհետև Ուկրաինայում իրոք այնքան էլ խանդավառ իրավիճակ չէ՝ կապված Ղրիմի իրավիճակի, ինչպես նաև երկրի արևելքում սկսած խժդժությունների հետ, բայց իր դերն է խաղում ԼՐԻՎ միակողմանի լուսաբանումը հեռուստատեսությամբ, որի համեմատ կիսելյովյան պրոպոգանդան փառք է: Ասենք, անգամ ես՝ իմ կիսատ-պռատ ուկրաիներենով դեպրեսիա եմ ապրում՝ մի 10 րոպե ուկրաինական հեռուստատեսությունը նայելով:
Ինչպես նշել էի, անձամբ ինձ հանդիպեցին տարօրինակ ինդիվիդների, որոնք արաբներ էին ու կոտրտված անգլերենով ինձ փորձում էին պատմել Մայդանի, տիտուշկաների, Լիբիայի ու կեղտոտ ռուսների մասին: Չեմ ուզում ինչ-որ ռադիկալ եզրահանգումներ անել, բայց դե տարբեր ԶԼՄ-ներ բազմիցս են նշել, որ Մայդանում տարբեր՝ ոչ հասկանալի ինդիվիդներ են հավաքվում, որոնք երբեմն արմատական խմբավորումների ներկայացուցիչներ են: Իհարկե, հյուրանոցի ֆոյեում «ալլահ ակբար» գոռացող ու «fuck russians» խորիմաստ վանկարկումները կրկնող և մատը վզի մոտով անցակցնող արաբները դեռ ուղղակի ապացույց չեն ոչ մի բանի, բայց մտորումների տեղիք տալիս են: