16:05 , 17 մարտ, 2014
Հայկական հեռուստաեթերը 2006 թվականից լցվեց միջազգային ձևաչափի հաղորդումներով՝ «Հայսուպերսթար», «X ֆակտոր», «Թաքնված տաղանք», «Իմ անունն է», «Պարիր, թե կարող ես», «Պարահանդես», «Դուետ», «Հայաստանի ձայնը» և այլն, և այլն: Այս հաղորդաշարերը մեր երկրում կայացան բազմաթիվ մարդկային ներդրումների, տքնաջան աշխատանքների ու պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ: Այս նախագծերի մասնակիցներից շատերն արդեն ներկայանում են միջազգային հարթակներում և պատվով ներկայացնում են մեր երկիրը: Միջազգային ձևաչափը Հայաստանում լավագույնս ներկայացրել ու շարունակում են ներկայացնել «Շանթ» ՀԸ-ն և «Արմենիա» ՀԸ-ն, սակայն ինչպես ասում են, հեռուստադիտողի աչքը նորություն է ուզում:
Ես առնչվել եմ ու գիտեմ, թե ինչ գումարների հետ է կապված նոր հեռուստանախագիծ գնելը կամ ստեղծելը, սակայն, կարծում եմ, որ հայերիս համար նաև կարևոր է իրականացնել 2 նախագիծ ևս՝ «Ամերիկյան թոփ մոդել»-ի հայկական տարբերակը և ոուսաստանյան «Один в Один» նախագիծը:
Առաջինի դեպքում կարծում եմ, որ հայ աղջիկների գեղեցկությունն էլ ավելի կընդգծենք համաշխարհային նորաձևության մեջ, իսկ երկրորդի դեպքում հայ հայտնիները ևս մեկ անգամ կցուցադրեն իրենց նոր հնարավորությունները:
Քանի որ վերը նշված հեռուստաընկերություններն արդեն իսկ իրականացնում են միջազգային նախագծեր, կուզենայի նոր թափ առած Հ1-ին էլ տեսնել այսպիսի հաղորդաշարեր իրականացնելիս: Կարծում եմ՝ հայկական հեռուստաեթերն ու հայ հեռուստադիտողն ունեն նոր ու կրկին որակով արված հեռուստանախագծերի կարիք:
Շատերը հիմա կմտածեն, որ հորդորում եմ տեղական հաղորդումներին զարկ չտալ ու միայն կենտրոնանալ միջազգային, արդեն մտածված ձև ու կանոնակարգ ունեցող նախագծերի վրա, բայց, ոչ, միշտ էլ լավ է, երբ ունես քոնը, քո մտածածը, քո երկրին, լեզվին, մշակույթին ու ապրելակերպին համապատասխանը, սակայն, կարևոր է նաև ապրել ժամանակի ռիթմով ու հասնել այն բարձունքներին, որոնց հասնում են մեզանից ոչ այնքան շատ խելացի մարդիկ: