15:41 , 17 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Աղդամի իրադարձությունները Հայոց ցեղասպանության հետ համեմատելը ոչ միայն կոռեկտ չէ, այլ նաև տգիտություն է ու սրբապղծություն: Panorama.am կայքին տրված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի՝ Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթում վերջերս հրապարակված «Խոջալու. մի տեսանկյուն» վերնագրով հոդվածին:
«Նախ և առաջ, բոլորը գիտեն, որ չկա «Խոջալու» երևույթ, տեղի են ունեցել Աղդամի իրադարձությունները, որոնք ոչ մի ընդհանուր եզր չունեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ»,- նշել է Ալավերդյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից, այն տարածքում, որը գտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, իրականացվել է հանցագործություն սեփական բնակչության և թուրք-մեսխերի նկատմամբ: Բոլորին հայտնի է, որ Աղդամի իրադարձությունների ժամանակ խաղաղ բնակչությանը դուրս բերելու նպատակով հայկական զինված ուժերը հումանիտար միջանցք էին առանձնացրել, ինչի մասին պատշաճ կերպով հայտարարված է եղել:
Նախկին իրավապաշտպանի խոսքերով՝ մի քանի լրագրողներ խիզախություն են ունեցել այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը պատմելու, ինչի համար պատասխան են տվել, մեկը՝ նույնիսկ կյանքով:
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա ավելորդ է հիշեցնել, որ դա թուրքական իշխանությունների նախօրոք պատրաստված, նպատակաուղղված քաղաքականության արդյունք է: Ցեղասպանություն եզրույթը կարելի է օգտագործել նաև ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության հետ, որը սկսվել է 1988 թվականին Սումգայիթյան ջարդերով և շարունակվում է առ այսօր, ինչի ապացույցն է Ռամիլ Սաֆարովի հանցագործությունը»,-շեշտել է Ալավերդյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ