Մի քանի օր առաջ Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Անտեր Ground» հոռետեսական կատակերգության պրեմիերան, որի բեմադրիչը Լուսինե Երնջակյանն է: Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ ներկայացման մեսիջների, դրա նորովի բեմադրման, թատրոնի այսօրվա դերի, ամուսնու հետ աշխատելու և մրցանակների մասին:
-Օրերս տեղի ունեցավ «Անտեր Ground»-ի պրեմիերան, որը նվիրված է տուֆազարդ Երևանի պայծառ հիշատակին, հիմա Երևանը «Անտեր Ground»-ի փուլու՞մ է:
-Կարծում եմ՝ ոչ. եթե այդպես լիներ, ինձ թվում է, ամեն ինչ արդեն ավարտված կլիներ: Մենք ներկայացման մեջ էլ փաստում ենք, որ այդ փուլում չենք. վերջում ասվում է, որ վստահ ենք՝ Երևանը միշտ եղել է, կա ու կլինի: Այդ հավատը եթե չլինի, ներկայացման իմաստն էլ կկորչի:
-Ներկայացման մեջ «Անտեր Ground»-ից խուսափելու ուղիներ եք տալիս, կարծում եք՝ հնարավո՞ր է կանխել սպառնացող վտանգները:
- Որ ասեմ՝ ներկայացման մեջ կոնկրետ բաղադրատոմս ենք տալիս, ասում ենք՝ այսպես արեք, այնպես արեք ու ամեն ինչ լավ կլինի՝ոչ: Պարզապես հանդիսատեսին սթափեցնելու, աչքերը բացելու նպատակ ունենք: Փորձում ենք ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը, զգուշացնել, որ եթե շարունակենք այսպես ապրել, մի օր պարզապես չենք ունենա Երևանը, այն ինչ տեսնում ենք, հնարավոր է՝ մեր երեխաները չտեսնեն: Կոչ ենք անում պահպանել մեր քաղաքը և նույնիսկ՝ վերադարձնել այն Երևանը, որն ունեցել ենք:
-Պիեսի հեղինակ Արա Երնջակյանն այն բեմադրել է 1998 թվականին, այսինքն՝ այն ժամանակ էլ է այս խնդիրը եղել: Այդ օրերից մինչև հիմա ի՞նչ է փոխվել, խնդիրը շարունակու՞մ է մնալ արդիական:
-Ցավոք՝ այո. խնդիրը շարունակում է մնալ արդիական: Եթե 98-ին այս ներկայացման որոշ ռեպլիկներ ցավ էին արթնացնում, հիմա դրանք արդեն ծիծաղով են ընդունվում: Խնդիրը կա, և մենք մեզ իրավունք վերապահեցինք նորովի ներկայացնել այն հանդիսատեսին և վերջինիս հետ թեմայի շուրջ երկխոսության մեջ մտնել:
-Ստացվե՞ց:
-Դեռ երկու ներկայացում է եղել, և այս երկուսի կտրվածքով կարող եմ ասել, որ այո, երկխոսությունը կայացավ, հանդիսատեսն ընկալեց մեսիջները, և, հուսով եմ, նաև՝ հետևություններ արեց:
Գիտեմ, որ ձեր հայրը՝ Արա Երնջակյանը, մշտապես ձեզ խորհուրդներ է տալիս, իսկ դու՞ք նրան. բանը հասե՞լ է դրան:
-Դեռ դպրոցական տարիներից ես նրա ամենամեծ քննադատներից եմ եղել, իմ կարծիքը՝ ճիշտ, թե սխալ՝ չգիտեմ, միշտ հայտնել եմ: Մեզ մոտ այս դեպքում ոչ թե հայր-դուստր, այլ ընկերական հարաբերություններ են: Մենք մեր քննարկումների ժամանակ կարող ենք նույնիսկ աշխատանքային վեճի հասնել, ինչից ծնվում է ոսկե միջինը՝ ճիշտ տարբերակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
