Չինաստանը դեռ մտորում է Ղրիմի հանրաքվեն ճանաչել-չճանաչելու հարցի շուրջ


12:38 , 17 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Չինաստանը հանդարտության և զսպվածության կոչ է արել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ որոշումներ ընդունելիս Ղրիմում կայացած հանրաքվեից հետո, որի ընթացքում քվեարկածների ճնշող մեծամասնությունը հանդես է եկել Ուկրաինայից անջատելու և Ռուսաստանին միանալու օգտին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Լի Բաոդունը հայտարարության մեջ ընդգծել է, որ քաղաքական կարգավորումն ուկրաինական ճգնաժամի լուծման միակ եղանակն է: Ինչպես նշել է BBC-ի թղթակից Սելին Հաթոնը, Ուկրաինայի իրադրությունը դժվարին կացության մեջ է դրել Չինաստանին:

Մի կողմից՝ ՉԺՀ-ն ավանդաբար պաշտպանում է Ռուսաստանի՝ որպես իր վաղեմի դաշնակցի, որոշումները: Մյուս կողմից՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու Ղրիմի բնակիչների ցանկությանն աջակցելը կսրի Պեկինի հակասությունները ինքնավարություն պահանջող իր տարածաշրջանների՝ Տայվանի, Սինցզյանի և Տիբեթի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան և Ճապոնիան հայտարարել են, որ չեն ճանաչում Ղրիմի թերակղզում անցկացված հանրաքվեի արդյունքները: